Նորություններ

Ոստիկանությունում ինձ ասացին, որ զբաղվել եմ ինքնիրավչությամբ. ՁԻԱՀ–ի կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն

Ոստիկանությունում ինձ ասացին, որ զբաղվել եմ ինքնիրավչությամբ։ Այս մասին ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը, ով բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

«Չկա իմ պաշտոնից չբխող որևէ գործողություն, որ ես կատարել եմ։ Բերբերյանին մեզ ներկայացրել են որպես տնօրեն, ինչին ես համաձայն չեմ եղել, նրանք որոշել են, որ ես զբաղվել եմ ինքնիրավչությամբ, եւ բերել են այստեղ»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փոխտնօրենի խոսքով՝ նախարարը նախորդ տնօրենին ազատել է առանց դրա համար հիմքեր ունենալու, ինչի առնչությամբ ինքը հայտնել է իր անհամաձայնությունը։

Փոխտնօրենը համաձայն չէ, որ նախկին տնօրենը թերացել է իր աշխատանքում։ Նրա խոսքով՝ իր հետ համամիտ են նաեւ կենտրոնի մյուս աշխատակիցները, որոնք այսօր երեկոյան հավաքվել էին ոստիկանության շենքի մոտ. «Սա անհամաձայնություն է, մարդկանց դիրքորոշումը, որն ուժային մեթոդներով չի կարող դադարեցվել, ամեն ինչ պետք է լուծվի օրինական ճանապարհով»։

Նրա խոսքով՝ իրենց մտահոգությունները բազմիցս ներկայացրել են նախարարին, սակայն ապարդյուն։ Փոխտնօրենը նշեց, որ աշխատակազմը շարունակելու է աշխատել բնականոն հունով եւ հիվանդները չեն տուժելու։

Back to top button
Close