Նորություններ

Արցախի ԿԸՀ-ն հաստատել է քարոզարշավին եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը

ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում հաստատել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուներին և կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն ասել է, որ, փետրվարի 27-ից սկսած, կտրամադրվեն եթերները: Քարոզարշավի 32 օրերից եթերային կլինեն 17-ը, ընդ որում՝ 9  անգամ անվճար և 8 անգամ վճարովի հիմունքներով:
Ս. Արզումանյանի խոսքով՝ եթերաժամերից օգտվելը պարտադիր բնույթ չի կրում, և հանրապետության նախագահի թեկնածուներն ու կուսակցություններն իրենց նախընտրությամբ կարող են օգտվել այդ հնարավորությունից: Փետրվարի 27-ին և մարտի 29-ին և՛ հեռուստաեթերները, և՛ ռադիոեթերները բոլորին կտրամադրվեն անվճար հիմունքներով:
Արցախի Հանրային հեռուստատեսության համար եթերաժամը դիտվում է ժամը 16:00-24:00-ն, և հեռուստաընկերությունը ինքն է որոշելու, թե որ ժամանակային կտրվածքով է եթերը տրամադրվելու: Արցախի Հանրային ռադիոյի համար եթերաժամը դիտվում է ժամը 14:00-19:00-ն: Փետրվարի 27-ին 4-ական րոպե հանրապետության նախագահի թեկնածուներն անվճար հիմունքներով կարող են եթերից օգտվել և կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ 8-ական րոպե տևողությամբ:
Հանրապետության նախագահի թեկնածուներին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ տրամադրվում է ոչ ավելի, քան 30-ական րոպե անվճար և ոչ ավելի, քան 80-ական րոպե վճարովի եթերաժամ, ընդ որում՝ բոլոր թեկնածուներին 9 անգամ անվճար և 8 անգամ վճարովի հիմունքներով: Մարտի 29-ին բոլոր թեկնածուներին կտրամադրվի 5-ական րոպե անվճար հիմունքներով, և փետրվարի 28-ից մինչև մարտի 28-ը ներառյալ յուրաքանչյուր թեկնածուի 3-ական րոպե անվճար ու մինչև 10 րոպե վճարովի հիմունքներով:
Նույն եթերաժամերի շրջանակներում հանրային հեռուստատեսությունը կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կտրամադրի ոչ ավելի, քան 60 րոպե անվճար և ոչ ավելի, քան 120 րոպե վճարովի եթերաժամ: Փետրվարի 27-ին բոլոր կուսակցություններին կտրամադրվի 8-ական րոպե անվճար, մարտի 29-ին՝ 10-ական րոպե անվճար: Փետրվարի 28-ից մինչև մարտի 28-ը ներառյալ յուրաքանչյուր կուսակցության կամ կուսակցության դաշինքի կտրամադրվի 6-ական րոպե անվճար ու 15-ական րոպե վճարովի հիմունքներով:
Հանրային ռադիոյի պարագայում յուրաքանչյուր կուսակցության և կուսակցության դաշինքի տրամադրվում է ոչ ավելի, քան 120 րոպե անվճար և ոչ ավելի, քան 180 րոպե վճարովի եթերաժամ: Փետրվարի 27-ից մինչև մարտի 29-ը ներառյալ 9 անգամ անվճար և նույն չափով վճարովի հիմունքներով եթերաժամ կտրամադրվի: Փետրվարի 27-ին և մարտի 29-ին բոլոր կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կտրամադրվի 11-ական րոպե՝ անվճար հիմունքներով: Փետրվարի 28-ից մինչև մարտի 28-ը ներառյալ յուրաքանչյուր կուսակցության 14-ական րոպե անվճար ու 20-ական րոպե վճարովի հիմունքներով է եթերաժամը տրամադրվելու: Ի դեպ, տվյալ օրվա համար հանրային հեռուստառադիոընկերությունում պետք է հայտագրվել մինչև ժամը 13:00-ն:
Հաջորդիվ տեղի է ունեցել վիճակահանություն, որի արդյունքներով սահմանվել է եթերաժամերից օգտվելու  ժամանակացույցը՝ թե՛ նախագահի թեկնածուների, և թե՛ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համար:
Back to top button
Close