Նորություններ

Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ ատրճանակ ու մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի զենք ու թմրամիջոցներ պահող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու միջոցառումները։ Այս համատեքստում հերթական արդյունքն արձանագրել են ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները։

Նրանք փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ատրճանակ ու թմրամիջոց է պահում։ Փետրվարի լույս 25-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» գրառմամբ օդաճնշիչ ատրճանակ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 19 գրամից ավելի քաշով, ինչպես և կաթուցիչ՝ մուգ շագանակագույն հետքերով։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close