Նորություններ

«Հարցն այդ ձևով ներկայացնելը, կարծում եմ, Սերժ Սարգսյանի կողմից ուղղակի տակտիկական քայլ էր, ոչ այնքան ազնիվ քայլ». Ա. Բաղդասարյան

Երեկ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստն էր, և իր աջակիցների ու լրատվամիջոցների առջև բարձրախոսով ելույթ ունեցող Սարգսյանը հիշեց նախ Արցախի թեման՝ հայտարարելով այն, ինչ բազմիցս է հայտարարվել. որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Նա նաև չմոռացավ կարծիք հայտնել Հայաստանի դատավորների և արդարադատության մասին: Ինչի՞ն էին միտված և ի՞նչ ենթատեքստ ունեին նրա այդ 2 հայտարարությունները:

Այս և այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

«Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայտարարությունը բավականին տարօրինակ էր, որովհետև հասկանալի է, որ նա և նրա պաշտպանական թիմն այդ դատավարությունը փորձում էին ներկայացնել որպես քաղաքական հալածանք, և արդեն ամիսներ շարունակ շրջանառվում էր, իմ կարծիքով, կեղծ թեզը, թե իբր նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որպեսզի իշխանությունները կարողանան առանց խոչընդոտների հանձնել Արցախը:

Արմեն Բաղդասարյան

Նրանց մտածածը որևէ կապ չունի իրականության հետ, որովհետև Հայաստանի որևէ իշխանություն երբևէ չի համակերպվի Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, առավել ևս «ծախել» Արցախը, որևէ ղեկավարի դա չի հաջողվի: Այն ղեկավարը, ով կփորձի նման բան անել, կկորցնի իշխանությունը: Հարցն այդ ձևով ներկայացնելը, կարծում եմ, Սերժ Սարգսյանի կողմից ուղղակի տակտիկական քայլ էր, ոչ այնքան ազնիվ քայլ, որովհետև նա իր վիճակը թեթևացնելու համար անում է այնպիսի հայտարարություններ, որով հասարակության մեջ անվստահություն է ձևավորում գործող իշխանության նկատմամբ, այդ հայտարարություններով փորձում է հասարակության մեջ առանց այն էլ պառակտված վիճակն ավելի խորացնել: Դա անընդունելի է: Բացարձակապես տեղին չեմ համարում. դա անտեղի էր, լրիվ անիմաստ շահարկումներ էին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Խոսելով ՀՀԿ-ի հայտարարության մասին՝ քաղաքագետը նշեց. «Հասկանալի է Հանրապետական կուսակցության հայտարարությունը: Իրենք նման հայտարարություն տարածելու փոխարեն պիտի դատարանում փորձեն ապացուցել իրենց ասածները և ոչ թե այդպես մերկապարանոց հայտարարություններ անեն: Եթե մեղադրանքը կեղծ կամ շինծու լիներ, նորմալ դատավարության ընթացքում պարզ կերևար, իսկ եթե այդ դատավարությունը նորմալ չլինի, այնպիսին, ինչպիսին իրենք են կարծում, ապա գործընթացը բաց է, և եթե այդպիսի բան լինի, բոլորը կիմանան դրա մասին: Քանի դեռ դատավարությունը չի սկսվել, անտեղի են բոլոր անհիմն կարծիքները»:

Հարցին՝ ինչպե՞ս կբնորոշի նախկին իշխանությունների ներկայացուցիչների այն դիրքորոշումը, որ երբ հայտնվում են մեղադրյալի աթոռին, սկսում են հայտարարել քաղաքական հետապնդման ենթարկվելու մասին, Բաղդասարյանն արձագանքեց. «Ես դա մեկնաբանում եմ իրենց նախկինում կատարած հանցագործություններից խուսափելու փորձ: Նրանք այդպիսի ռազմավարություն են ընդունել, որովհետև այդ ձևով են փորձում արդարանալ: Շատ նորմալ եմ համարում, որ նախկինում կատարած հանցագործությունների համար բոլորը պիտի պատասխանատվություն կրեն. դա նաև նորմալ է հենց կանխարգելման իմաստով, որովհետև ցանկացած իշխանություն պիտի գիտակցի, որ եթե ինչ-որ օրենք է խախտում, վաղ թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության»:

Քաղաքագետի կարծիքով՝ հասարակության մեջ առկա են ճեղքվածքներ, բաժանումներ, որոնք կարող են մեզ համար վտանգավոր լինել: «Ցավոք սրտի պիտի արձանագրեմ, որ ընդդիմադիր շրջանակներն են նման պառակտումները մտցնում հասարակության մեջ: Ներքաղաքական ցնցումներ չեն կանխատեսվում, բայց հանրաքվեից հետո ակնհայտորեն մենք կունենանք նոր իրավիճակ՝ անկախ նրանից՝ ինչպիսին կլինեն արդյունքները»,- եզրափակեց Արմեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։

Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Նշենք նաև, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը:

                    Անահիտ Չալիկյան

Back to top button
Close