Նորություններ

Խոջալու. միֆեր և փաստեր

Յուրաքանչյուր տարի այս օրերին ադրբեջանական պետական քարոզչամեքենան հակահայ հրապարակումներ է տարածում տեղական և միջազգային լրատվամիջոցներում։ Թեման Խոջալուն է, նպատակը՝ հայատյացության սերմանումը։

Ադրբեջանը արդեն մի քանի տասնամյակ փորձում է Խոջալուի դեպքերը ներկայացնել՝ որպես հայերի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված կոտորած։ Սակայն փաստերը, որոնք ադրբեջանական կողմը համառորեն անտեսում է, այլ բանի մասին են խոսում։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է Խաջոլուի ողբերգական դեպքերի մասին ադրբեջանական քարոզչության հիմնական կեղծ թեզերը և փաստերը։

Խոջալուն (այժմ Իվանյան) գյուղ է, որը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 4 կմ հարավ-արևմուտք՝ Բադարա և Կարկառ գետերի միախառնման տեղում: Տարածքը՝ 249 հա: Գյուղի ազատագրումից հետո այնտեղ բնակություն են հաստատել Ադրբեջանի հայաբնակ շրջաններից բռնագաղթած հայերը։ Ազատագրման ընթացքում սպանված մարդկանց թվի մասին հակասական թվեր են հրապարակվել։ Ադրբեջանի խորհրդարանի հետաքննությունը նշել է 485 սպանվածների մասին (այդ թվում՝ Խոջալուի գործողության ժամանակ սպանվածները և քաղաքից փախչելու ընթացքում ցրտից մահացածները): Իսկ այժմ Ադրբեջանը հայտարարում է 613 մարդկանց սպանության մասին։

Խոջալու (այժմ Իվանյան)

Ինչո՞ւ և ինչպե՞ս ազատագրվեց Խոջալուն

Ադրբեջանը 1991թ. աշնանից սկսած շրջափակել էր Ստեփանակերտը։ Խոջալուն այն 5-6 հիմնական կրակակետերից մեկն էր, որտեղից հրետակոծվում էր մայրաքաղաքը: Խոջալուի օդանավակայանը վերահսկում էին Ադրբեջանի ՕՄՕՆ-ի ջոկատները։ Ցանամաքային կապը ևս կտրված էր, Ստեփանակերտի բնակչությունը հումանիտար աղետի եզրին էր, բակիչների կյանքը՝ վտանգված: Խոջալուն անհրաժեշտ էր ազատագրել Ստեփանակերտն ապաշրջափակելու և հրետակոծությունը դադարեցնելու համար, իսկ օդանավակայանն անհրաժեշտ էր Ստեփանակերտի բնակչությանը հումանիտար աղետից փրկելու համար:

Ղարաբաղյան ուժերը պետք է Խոջալու մտնեին 4 ուղղություններով` Նորագյուղից, Մեհտիշենից, Քաթուկից և օդանավակայանի մերձակայքից: Բնակավայրը ազատագրելու գործողությունը մշակել և ղեկավարել է Արկադի Տեր-Թադևոսյանը: Հայկական ջոկատների հրամանատարները տեղեկացվել են Կարկառ գետի երկայնքով քաղաքացիական բնակչության հեռանալու համար միջանցք թողնելու մասին:

Արցախի ինքնապաշտպանական ուժերը բարձրախոսներով նախապես տեղեկացնում են ադրբեջանական ուժերին հարձակման վերաբերյալ  և տեղեկացնում Խոջալու-Ասկերան-Աղդամ գծով մարդասիրական միջանցք թողնելու մասին, որով կարող է հեռանալ քաղաքացիական բնակչությունը։

Արցախյան զինուժի գործողությունների արդյունքում փետրվարի 25-26-ին Խոջալուն ազատագրվում է, բուն բնակավայրում հայտնաբերվում են 7 անձանց դիակներ, այդ թվում՝ զինված (միլիցիայի համազգեստով)։

Որտե՞ղ և ինչպե՞ս սպանվեցին հարյուրավոր ադրբեջանցի քաղաքացիական անձինք

Խոջալուի քաղաքացիական անձանց դիակները առաջին անգամ նկարահանվում են փետրվարի 29-ին, երկրորդ անգամ՝ մարտի 2-ին՝ Ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի կողմից։ Դիակները հայտնաբերվել են Խոջալուից 10-11 կմ հեռավորության վրա՝ Աղդամի ադրբեջանական դիրքերի դիմաց: Տեսանյութում երևում են ադրբեջանական զինված ուժերը։ Մուստաֆաևն ուղղակի չէր կարող նկարահանումներ կատարել այդ տարածքում, եթե այն լիներ ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ։

Թե ինչպես էին կարող հայկական ուժերը քաղաքացիական բնակչության սպանդ կատարել ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող տարածքում, անհասկանալի է։

2005-ի գարնանը Խոջալու է այցելում ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը: Վերադառնալով Բաքու` նա հոդվածաշար գրեց.

«Սրանից մի քանի տարի առաջ հանդիպեցի Նավթալանում հաստատված խոջալուցիների հետ։ Նրանք խոստովանեցին, որ գրոհն սկսելուց մի քանի օր առաջ հայերը բարձրախոսներով նախազգուշացնում էին ծրագրվող գործողության մասին և քաղաքացիական անձանց առաջարկում հեռանալ ավանից՝ շրջափակումից դուրս գալ Կարկառ գետի երկայանքով՝ մարդասիրական միջանցքով: Ըստ խոջալուցիների` իրենք օգտագործել են այդ միջանցքը, և, իրականում, միջանցքից այն կողմ գտնվող հայ զինվորները խոջալուցիների վրա կրակ չեն բացել»։

Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը

Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը 1992 թ. ապրիլին Մութալիբովը «Независимая газета»-ին տված ծավալուն հարցազրույցում նշել էր ոչ միայն «ազատ միջանցքի» առկայության մասին, այլև հայտնել, որ քաղաքացիական բնակչության սպանդի ետևում ադրբեջանական ընդդիմությունն է կանգնած՝ իրեն նախագահի պաշտոնից հեռացնելու համար։

Լրագրող. –Ի՞նչ եք մտածում Խոջալուի դեպքերի մասին, որից հետո դուք հրաժարական տվեցիք: Խոջալուցիների դիակները հայտնաբերվեցին Աղդամից ոչ հեռու: Ինչ-որ մեկը նախապես կրակել էր մարդկանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան հեռու փախչել: Հետո նրանց կացնահարել էին: Փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարահանել էին նրանց: Մարտի 2-ին՝ նոր նկարահանումների ժամանակ, այդ դիակների գանգամաշկերը հանված էին: Սա ինչ-որ տարօրինակ խաղ է:

Մութալիբով. – Ինչպես ասում են փրկված խոջալուցիները՝ այս ամենը կազմակերպված էր իմ հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով: Ինչ-որ ուժ գործում էր հանուն նախագահի վարկաբեկման: Չեմ կարծում, թե նման իրավիճակին հստակ և բանիմաց մոտեցում ցուցաբերող հայերը թույլ տային, որպեսզի ադրբեջանցիներն իրենց ֆաշիստական արարքներում մերկացնող փաստեր ձեռքբերեին: Եթե ես հայտարարում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, ապա կարող են ասել, որ ես զրպարտում եմ: Սակայն դատողությունների ընդհանուր պատկերն այսպիսին է` հայերը, այնուամենայնիվ, թողել էին մի միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ: Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է կրակեին: Հենց որ Խոջալուն շրջապատվեց տեխնիկայով, անմիջապես հարկավոր էր դուրս բերել բնակչությանը: Ավելի վաղ ես նման հանձնարարություն էի տվել Շուշիի առիթով. քաղաքում թողնել տղամարդկանց, իսկ կանանց և երեխաներին դուրս բերել: Սա էլ է պատերազմի օրենքներից. մարդկանց պետք է փրկել: Իմ վարքագիծն օբյեկտիվ էր և միանշանակ. ես այդպիսի հանձնարարություն տվել եմ, սակայն ինչու դրանք Խոջալուում չկատարվեցին, ինձ համար պարզ չէ:

Զոհերի թիվը ևս հստակ չէ

Այսօր պաշտոնական Ադրբեջանը հայտնում է, որ սպանվել է 613 բնակիչ, այդ թվում՝ 63 երեխա, 106 կին, 70 տարեց մարդ։ Ըստ «Human Right Watch»-­ի տվյալների՝ զոհերի թիվը գնահատվում է 200-ից ավելի: Ադրբեջանական խորհրդարանի նախաձեռնած հետաքննության պաշտոնական տվյալներով՝ զոհվել է (ներառյալ ճանապարհին սառածները) 485 հոգի: 1994թ. փետրվարի 24-ին Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է «Խոջալուի ցեղասպանության օրվա մասին» որոշում, որտեղ նշված է, որ «քաղաքի 5 հազարանոց բնակչությունից 335-ը դարձավ շեհիդ («նահատակ», «մարտիրոս»)։

2004 թ. Բաքվում լույս տեսած «Խոջալու. շեհիդներ և շահիդներ: Հայկական ահաբեկումը որպես միջազգային ահաբեկչության բաղկացուցիչ մաս» գրքում տեղ գտած Հավա Մամեդովայի ցուցակը, որը բաղկացած է 531 անունից (այդ թվում 7 չճանաչված մարմին), կրկնվող անունների մաքրումից հետո կրճատվել է մինչև 530 անուն: Մյուսների դեպքում փոփոխվել են տարիքները, առնվազն 44-ը եղել է զինծառայող:

 

Կեղծ լուսանկարներ

 

Քարոզչությունն ավելի ազդեցիկ դարձնելու նպատակով` Բաքուն օգտագործում է նաև էմոցիոնալ լուսանկարներ՝ վերցրած այլ տեղերից և ներկայացնելով որպես Խոջալուի քրոնիկա։

Այս լուսանկարը արվել է 1983 թվականին Թուրիքայում՝ ավերիչ երկրաշարժից հետո։

 

Այս լուսանկարում ո՛չ թե ադրբեջանցի, այլ աֆղանացի փախստական երեխաներ են։

Խոջալուի մասին առավել մանրամասն տեղեկության կարելի է գտնել Xocali.net մասնագիտական կայքում։

Back to top button
Close