ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչ տեսք ունեին հրաբխից կործանված Պոմպեյի տները, որոնք թաղված էին մնացել լավայի եւ մոխրաշերտի տակ

Հին հռոմեական Պոմպեյ քաղաքը մարդկության պատմության ընթացքում հրաբխի ամենահայտնի զոհն է: Այդ քաղաքի մասին գրված են բազմաթիվ գրքեր, նկարահանված են մի քանի գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր, իսկ Կառլ Բրյուլլովի «Պոմպեյի վերջին օրը» կտավը ծանոթ է ցանկացած դպրոցականի: Հնագետները չեն դադարում պեղումներ իրականացնել հնագույն այդ բնակավայրում, որը թաղված մնաց Վեզուվի կործանարար հրաբխի լավայի եւ մոխրի շերտի տակ: Քաղաքը դարձավ պատմական մի գանձ, որը կարող է շատ բան պատմել այդ ժամանակաշրջանի մարդկանց կյանքի ու կենսակերպի մասին:

Հրաբխային նստվածքները դարձել են հիանալի պաշտպանիչ շերտ, որը հին քաղաքը փրկեց բնության կործանարար ուժերից և գանձեր որոնող մարդկանցից: Որոշ տներ, այնուամենայնիվ, թալանվել են, բայց գերակշիռ մասը մնում է այն տեսքով, որով գրեթե 2000 տարի առաջ էր, երբ տեղի ունեցավ Վեզուվի աղետալի ժայթքումը:

Այսօր գիտնականները ջանասիրաբար ուսումնասիրում են յուրաքանչյուր մետրը, պեղումներ են իրականացնում, փորձում բացահայտել անցյալի առեղծվածը: Վերջին վերականգնման ընթացքում, որը տևեց մի քանի տարի, նրանք կարողացան բացահայտել բազմաթիվ գլուխգործոցներ, որոնք վերջերս ներկայացրեցին աշխարհին:

Այսօր գիտնականների շնորհիվ հրաբխային ավերակներից հարություն առած Պոմպեյը գրեթե նույնքան մեծ մասսայականություն է վայելում, որքան Հռոմեական Կոլիզեումը: Բացօթյա թանգարանը վարկանիշով գրավում է երկրորդ տեղն Իտալիա ժամանող զբոսաշրջիկների շրջանում: Վերջին վերականգնման ընթացքում հնագետները մաքրեցին ներքին հարդարանքով պահպանված մի քանի նոր շինություններ, ներառյալ գեղեցիկ որմնանկարները և դեկորատիվ կերամիկայով պատված հատակները: Բացի այդ, վերականգնվել են որոշ տների պատերի խունացած որմնանկարները և ամրացվել են հին կառույցները:

Հին քաղաքի ավերակները պահանջում են կանոնավոր վերականգնման և վերանորոգման աշխատանքներ, որպեսզի դրանք բավարար վիճակում մնան: Եղանակային պայմանների, հաճախակի արձանագրվող երկրաշարժերի և պատկառելի տարիքի պատճառով կառույցները վթարային վիճակում են: Այդ իսկ պատճառով, մի քանի տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անգամ սպառնում էր Պոմպեյը բացառել իր օբյեկտների ցանկից, քանի որ թանգարանային համալիրը գտնվում էր անմխիթար վիճակում՝ այցելուների անվտանգության տեսանկյունից: Այսօր այդ խնդիրները լուծված են, և Պոմպեյը կրկին ընդունում է իրենով զմայլվող այցելուներին:


Աղբյուր՝ travelask.ru

Back to top button
Close