Նորություններ

«Գործել է Քոչարյան – Հովսեփյան – ստորադաս դատախազներ սխեման. ամեն ինչ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, ցանկությամբ և նախաձեռնությամբ». Ս. Սաֆարյան

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Մարտի 1-ի գործով հերթական դատաքննությունը։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ընդգծել են Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի անթույլատրելիությունը, քանի որ հոդվածը ներդրվել է ենթադրյալ արարքից (2008թ. մարտի 1) մեկ տարի անց (2009թ.) և չի կարող հետադարձ ուժ ունենալ: Փաստաբանները մատնանշել են «յոթի գործի» նախադեպը: Հիշեցնենք, որ խոսքը 2008թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 քաղակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի մասին է: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ:

-Տիկին Սաֆարյան, երեկ դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում էին, որպեսզի դադարեցվի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Պաշտպանները պնդում էին, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով անթույլատրելի է, քանի որ հոդվածը ներդրվել է 2009 թ. մարտյան դեպքերից մեկ տարի անց: Ի՞նչ նկատի ունեն Քոչարյանի պաշտպանները:

-Իբրև իրավական փաստարկ նշում են 2008-2009թթ. տեղի ունեցած դեպքերով «յոթի գործով» կայացած դատավճիռն այն մասին, որ մեղադրողները հրաժարվեցին իրենց առաջադրված մեղադրանքից այն հիմնավորմամբ, թե դա իբր նոր հոդված է, իսկ նոր հոդվածը, որպես այդպիսին, չի տարածվում նախկինում կատարած հանցագործության վրա, մեղմացման առումով հետադարձ ուժ պետք է տալ: Այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ճիշտ չեն մեկնաբանում: Նախկինում նախ հրաժարվող դատախազներն այն դատախազներն են, ովքեր ենթարկվել են Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, և դա եղել է քաղաքական որոշում. բացարձակապես կարևոր չի եղել՝ ինչ ձևով, ինչ ելքով, լուծվել է քաղաքական հետապնդման ենթարկվածների ճակատագիրը միջազգային կառույցների ճնշման ներքո:

Սեդա Սաֆարյան

Ինչ-որ բան պիտի արվեր և արվել է կիսատ-պռատ արդարադատություն իրականացնելով, ինչը չի կարող այսօր հիմք հանդիսանալ, որ դատարանը նոր իրավիճակում խախտի օրենքը և կիրառի մի բան, որը կիրառելի չէ Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Կիրառելի չէ, որովհետև Քոչարյանի պարագայում չի կարելի իրավական փաստարկ նշել «յոթի գործը», որովհետև «յոթի գործով» քաղաքական հետապնդման են ենթարկվել անմեղ մարդիկ, ովքեր ընդհանրապես լուրջ գործունեություն չեն ծավալել, զորք չեն բերել, զենք չեն կիրառել, թիկնապահներին իրենք չեն բերել, և Արցախի ներուժն իրենց հրամանով չի բերվել: Այսինքն, բացարձակ տարբեր իրավիճակների մասին է խոսքը գնում: Ընդամենը 300-րդ հոդվածը բաղդատվել է և դարձել է մի քանի հոդված, ինչը, ըստ էության, մեծ փոփոխություն չէ: Ես կարծում եմ, որ պաշտպանների կողմից ճիշտ մեկնաբանություն չէր:

-Նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և այլք պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին. ի՞նչ ակնկալիք ունեն նրանք:

-Անձնական երաշխավորությամբ հանդես են գալիս հեղինակավոր մարդիկ. շատ կարևոր է պարզել՝ նրանք հեղինակավո՞ր են, թե՞ ազդեցիկ, Հայաստանի համար արդյոք նրանք այդպիսին են, և իրենց միջամտությունն այս հարցում դատարանը կարո՞ղ է դիտել անձնական երաշխավորության համատեքստում: Ես չեմ կարծում, որ վարչապետ լինելը խոսում է հեղինակավոր լինելու մասին, և այդ հեղինակությունն այսօր հիմք կհանդիսանա Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ պահելու համար, բավարար երաշխիք լինի: Ես տեսնում եմ, որ այն թիմը, որը 2008 թ.-ին համակարծիք է եղել Ռոբերտ Քոչարյանի գործողությունների հետ, այսօր ջրի երես է դուրս գալիս, համախմբումը տեսնում ենք, և հիմա չեմ զարմանում, թե ինչու է 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը միանձնյա կարողացել լուծել իր առջև դրված խնդիրը, որովհետև ունեցել է այդ կարգի հենարաններ: Ակնկալիքը Քոչարյանին ազատության մեջ տեսնելն է կամ չգիտեմ:

-Մարտի 1-ի գործով դատական նիստերի հետաձգումների պատճառը ո՞րն է:

— Ես կարծում եմ, որ դատական գործընթացի ձգձգումների պատճառն այն է, որ պաշտպանները չեն ուզում, որ այս գործը, այդ 85 հատորները երբևէ հրապարակվեն: Ըստ էության, փաստերն այնքան խոսուն են, որ հնարավոր է, որ իրենք չկարողանան ոչինչ անել: Դրա համար ընտրել են այս տարբերակը. որքան կարող են ձգձգել, որպեսզի իրավիճակը փոխվի, չգիտեմ ով կփոխի իրենց ուզած պատկերը, այդպիսի հույսեր ունեն, եթե ոչ՝ չեն շտապում, որ այս գործով լուծում տրվի և եթե գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չի արել, ապա պիտի շահագրգիռ լինեին: Ռոբերտ Քոչարյանի բոլոր ելույթներն ուղղված են հանրությանը. ասում է՝ քանի որ հանրությունն էլ է լսում այս ամեն ինչը, ու կանգնում հայտարարություններ է անում: Հիմա նրանք վախենում են այդ նույն հանրությունից, որ ապացույցներ հրապարակվեն:

-Հնարավո՞ր է, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, և դա ի՞նչ ազդեցություն կունենա Մարտի 1-ի գործի քննության ընթացքի վրա:

-Քոչարյանի խափանման միջոցի փոխվելը չի բխում գործի քննության շահերից: Ես՝ որպես փաստաբան, քրեական գործից իրազեկվածությանս աստիճանից ելնելով, իմանալով, թե ինչպիսի դեր է ունեցել Ռոբերտ Քոչարյանն այս ամենի կազմակերպման մեջ, կարծում եմ, որ Քոչարյանի անազատության մեջ լինելը բխում է գործի շահերից, վկաների շահերից և նոր ապացույցներ ի հայտ բերելուն: Կարծում եմ՝ դատարանն այս ամենը հաշվի կառնի, կարծում եմ, որ չի փոխվի խափանման միջոցը:

-Չե՞ք կարծում, որ Մարտի 1-ի հանցագործությունների և հետագայում դրանք կոծկելու գործընթացի մեջ բազմաթիվ անձինք են ներգրավված եղել, որոնց անունները բացակայում են այսօրվա քրեական գործերից:

-Իհարկե, համակարծիք եմ, որ շատ-շատերն են ներքաշված Մարտի 1-ի գործի մեջ: Դատախազների թեման է շահարկվում, որոնք ժամանակին այս կարգի դիրքորոշում են արտահայտել, և մինչև հիմա պատասխանատվության ենթարկված որևէ դատախազ չունենք: Դատախազներից այն անձինք, ովքեր ակտիվ դեր են ունեցել այս ամենի մեջ, և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը հրատապ է եղել, հիմա այս առումով շատ ուշացած է: Որոշվեց առավել մեծ շրջանակ չապահովել, այսինքն, վենդետայի սկզբունք չպետք է կիրառվեր, և որոշակի երևույթների նկատմամբ անցումը հպանցիկ էր: Բոլորն էլ գիտեն, որ եթե դատախազներն այդպես են վարվել, ապա գործել է Քոչարյան — Հովսեփյան և ստորադաս դատախազներ սխեման, և որևէ մեկը չի կարող հակառակն ասել, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, ցանկությամբ և նախաձեռնությամբ:

Խոսել այն մասին, թե իբր ինքը տեղյակ չէ, չկա ապացույց, որ մարդկանց ցուցումներ է տվել, մեզ համար այդքան էլ էական չէ, կարևորը գործընթացների մեջ տեղի ունեցած կապն է: Ըստ էության, այն անձինք, ովքեր համահավաք խումբ կազմավորելու գործում եղել են շահագրգիռ, գտել են, որ կպարգևատրվեն նրանք, ովքեր շատ ակտիվ կլինեն, և ընդունել են առաջարկը՝ գիտակցելով, որ դա իր մեջ հանցագործության տարր է պարունակում, որովհետև անօրինական հրամանները կատարման ենթակա չեն: Սեփական ժողովրդի դեմ նախաձեռնած այդ գործողությունն իր բովանդակությամբ ի սկզբանե ունեցել է հանցագործության բացահայտ տարրեր: Շատ-շատերը դուրս են մնացել պատասխանատվություն կրելու շրջանակից, պետք է նրանց պատասխանատվության ենթարկելու հարցն արագացվի, որպեսզի չունենանք անվստահություն և հուսալքություն, ինչն առկա է ժողովրդի մոտ, քանի որ Մարտի 1-ի գործով ակտիվ մասնակցություն ունեցած անձինք ազատության մեջ են:

Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանն Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը, ինչի արդյունքում Քոչարյանը կրկին հայտնվեց անազատության մեջ:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

           Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close