ՆորություններՔո ձայնը

«Ս.Սարգսյանը հույս ունի, որ Հայաստանում դեռ կան դատավորներ, ում համար մեր դարաշրջանի խելքը, խիղճը և պատիվը ՀՀԿ կուսակցությունն է»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Партия ум, честь и совесть нашей эпохи… Հույս կա, որ Հայաստանում դեռ կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից»… Սա նախավերջին նախագահ/վարչապետ պարոն Սերժ Սարգսյանի այսօրվա խոսքերն են դատարանի առաջ:

Որքա~ն ենք մենք` հասարակ մահկանացուներս, բախվել արդարադատության անհուսությանը, որքա~ն մարդիկ են նրա և նրան նախորդած նախագահությունների շրջանում դատարանների դռները մաշել կուկուական սպանությունների, «պետական կարիքների» անվամբ ունեզրկման, օֆշորային թալանի, բանակում սպանված /«ինքնասպանված» -ների դատավարությունների ֆարսի, ձեռքը ծնոտի տակ հանգիստ սպասող դատավորի քթի տակ դատվողի հետ ոստիկանական հաշվեհարդարների, քննությունների ընթացքում ցանկալի ցուցմունքի համար մարդկանց մահվան կամ հաշմանդամության հասցնելու դեպքերի, նախագահական գրասենյակի «դաբրոյով» նույն բնակարանը մի քանի անձի վաճառելու լավ մշակված մեխանիզմի հետևանքով տուժածների ողբերգությունների, հրապարակ տոնածառ բերելու համար «արդարադատության» դատաստանի, լիսկայական բռնությունների նկատմամբ իշխանության ցուցադրական խրախուսանքի, քանդվող պատմա-ճարտարապետական արժեքների, ՍԱՍ-ի արտակյան դասական ձայնագողական խուլիգանության և անհաշիվ այլ այս կարգի երևույթների նկատմամբ արդարադատության սպասելիս՝ միշտ «մնամ նամակիդ սպասող»-ի կարգավիճակով, որքա~ն մարդ սպանվեց, մահացավ, հաշմանդամացավ՝ «այն աշխարհում մնամ արդար դատաստանի» պատգամով…

Այն տարիներին զոհերին սատարողները իշխանության առկա և պոտենցիալ զոհերից էին: 2018-ի հեղափոխությունը եղավ հենց անարդար «արդարադատության» պատճառով: «Հույս կա, որ Հայաստանում դեռ կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից»-ը ականջիս տակ փսփսում է՝ «Հույս կա, որ կոնկրետ իմ գործով և կոնկրետ իմ նկատմամբ Հայաստանում դեռ իմ սահմանած արդարադատությունն է»: Վախենամ՝ այո, դեռ այդ «արդարադատությունն» է:

Ես պարոն Սարգսյանին մաղթում եմ, որ նրա գործն իսկապես արդարադատ ընթացքով գնա, և եթե քննությունը չկարողանա հանցանքն ապացուցել՝ դատարանը անպարտ ճանաչի նրան առաջադրված մեղադրանքում: Եթե ապացուցվի՝ մեղավոր ճանաչվի: Իսկապես, իսկապես ուզում եմ, որ Հայաստանում չլինի պարոն Սարգսյանի սահանած «արդարադատությունը», որի անհաշիվ զոհերը տարան հեղափոխության: Եվ այո, հույս ունեմ, որ հեղափոխությունը կփոխի այդ կարգի արդարադատությունը՝ ով էլ դատվելիս լինի:

Ասում եմ «հույս ունեմ», քանի որ պարոն Սարգսյանի հուսացած արդարադատութունը շատ, շատ ամուր է նստած մեր երկրում: Քանի դեռ այդպես է, միշտ տագնապ կա, որ այդ «արդարադատությունը» կրկնելու է պարոն Սարգսյանի համար հասկանալի երկրի ապրելու նորմերը՝ բոլշևիկյան կարգախոսով «կուսակցությունը մեր դարաշրջանի խելքն է, պատիվն է և խիղճը»: Դատարանն էլ կուսակցական դատարան էր, դատավորները գիտեին, որ իրենց դատավճիռները պիտի կուսակցական լինեն: Ով և ինչն էլ լինի կուսակցությունը՝ կոմունիստները, ՀՀՇ-ականները, ՀՀԿ-ականները թե Իմ քայլականները: Հիմա պարոն Սարգսյանը հույս ունի, որ «Հայաստանում դեռ կան դատավորներ, ում համար մեր դարաշրջանի խելքը, խիղճը և պատիվը ՀՀԿ կուսակցությունն է»:

Նա, անշուշտ, շատ լավ է հասկանում, որ դատավորի համար շատ շուտով «մեր դարաշրջանի խելքը, խիղճը և պատիվը» կդառնա Իմ քայլը: Կկարողանա՞ Իմ քայլը հասնել նրան, որ այսօրվա Հայաստանի «դարաշրջանի խելքը, խիղճը և պատիվը» դառնա օրենքը: Սերժ Սարգսյանի այսօր սկսված դատական գործընթացը դրա հնարավություններից մեկն է՝ արդար դատեք:

 

Back to top button
Close