Նորություններ

Իմ աչքերը միշտ արցունքով են լցվում այդ դեպքը հիշելիս. Զոդի վթարի գործով ամբաստանյալը ցավակցեց տուժող կողմին

Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում Զոդի ողբերգական ավտովթարի գործով առաջին դատական նիստն այսօր հետաձգվեց: Պատճառն ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի բացակայությունն էր: Սաֆարյանը չէր ներկայացել՝ այդ մասին նիստից անմիջապես առաջ դատարանին ծանուցելով: Ծանուցման մեջ Սեդա Սաֆարյանը մանրամասնել էր, որ չի ներկայանալու դատական նիստին այն պատճառով, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրեն չեն թույլատրել տեսակցել իր պաշտպանյալին՝ նշելով, որ բացակայում է դատարանի գրությունը. «Միաժամանակ հայտնում եմ, որ մեզ մասնակից չեն դարձրել խափանման միջոցի քննության համար նշանակված դատական նիստին, նաեւ իմ տրամադրության տակ չունեմ մեղադրական եզրակացությունը եւ ունեմ աշխատանքային ծանրաբեռնվածություն»,- գրել էր նա:

Անդրադառնալով պաշտպանի փաստարկներին՝ նախագահող դատավոր Հարություն Պետրոսյանը հայտնեց, որ փետրվարի 17-ին պաշտպանը դիմել է դատարան՝ խնդրելով թույլատրել անարգել տեսակցել իր պաշտպանյալին. «Նույն օրը դատարանը գրությամբ պատասխանել է պաշտպանին՝ նշված գրության պատճենը ուղարկելով նաեւ ՔԿՀ, որպեսզի պաշտպանի տեսակցությունը անարգել թույլատրվի: Դրա վերաբերյալ ստացականը, սակայն, դատարանը դեռեւս չի ստացել»: Ինչ վերաբերում է խափանման միջոցի քննարկման նիստին պատշաճ չծանուցվելուն, դատավորը պարզաբանեց, որ այդ հարցը քննարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 3-ին, իսկ պաշտպանը, ըստ դատարան ստացված փաստաթղթերի, նոյեմբերի 29-ին ծանուցվել է այդ մասին. «Սակայն պաշտպանը չի ներկայացել դատարան, եւ խափանման միջոցի հարցը լուծվել է նրա բացակայությամբ»:

Նախագահող դատավոր Հարություն Պետրոսյանը կողմերից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն պաշտպանի բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ: Մեղադրող դատախազն ասաց, որ պաշտպանի  բացակայության պատճառաբանությունները, ըստ էության, դատարանի կողմից հերքվեցին. «Այնուամենայնիվ, պաշտպանական իրավունքը չխախտելով՝ գտնում եմ, որ ավելի նպատակահարմար է հստակեցնել ամբաստանյալի դիրքորոշումը»,- ասաց դատախազը:

Ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանն էլ նախքան դիրքորոշում հայտնելը իր խոր ցավակցությունը հայտնեց վթարի արդյունքում մահացածների հարազատներին. «Շատ տխուր դեպք է, անտանելի… Իմ աչքերը միշտ արցունքով են լցվում այդ դեպքը հիշելիս, իմ ցավակցությունը բառերով ասել հնարավոր չէ, շատ խորին ցավակցությունս եմ հայտնում»:

Ամբաստանյալի ելույթի ժամանակ տուժողների իրավահաջորդները աղմուկ բարձրացրին նիստերի դահլիճում, եւ դատավորը նրանց լռության կոչ արեց: Շարունակելով իր խոսքը՝ ամբաստանյալն ասաց, որ առանց իր պաշտպանի՝ նիստը շարունակել չի կարող: Տուժող կողմը որեւէ առարկություն չներկայացրեց, եւ լսելով կողմերին՝ դատարանը որոշեց հետաձգել այսօրվա նիստը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 11-ին:

Պաշտպանի բացակայությունը զայրացրեց տուժողների իրավահաջորդներին: Նրանք հայտարարեցին՝ արդեն երկրորդ անգամն է, որ Սեդա Սաֆարյանի պատճառով նիստը հետաձգվում է. «Երրորդ անգամը ես արդեն չեմ ներելու, արյունը արյունով կմաքրվի»,- ասաց նրանցից մեկը՝ հավելելով, որ ամբաստանյալի ներողությունը ոչ մի մեղմացուցիչ դեր չի կարող ունենալ: Տուժողների իրավահաջորդները չբացառեցին, որ Սեդա Սաֆարյանի վարքագծի հարցով կդիմեն Փաստաբանների պալատ:

Հիշեցնենք՝ ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել 2019 թվականի հուլիսի 6-ին. Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, բախվել էին «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում հրդեհ էր բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, որը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում: Դրա հետեւանքով ստացած այրվածքներից վիրավորվել էր 10, մահացել՝ 7 անձ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նույն հոդվածով «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին մեղադրանք էր առաջադրվել, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

armtimes.com

Back to top button
Close