Նորություններ

Վարչապետը ծանոթացել է Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն: Կառավարության ղեկավարը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և կենտրոնի ղեկավար Լևոն Օհանեսյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, այնուհետև տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել ներդրումների աջակցությանը միտված քայլերին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:

Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է. «Մենք արդեն բավականին երկար ժամանակ քննարկում ենք Հայաստանում ներդրումների աջակցության մեխանիզմների և բանաձևերի կիրառման հարցը, թե ինչ մեխանիզմներով մենք պետք է աջակցենք ներդրումներին: Իհարկե, մինչ այժմ էլ Հայաստանում գործել են այդպիսի ինստիտուտներ, համակարգեր և մենք խնդիր ունենք այդ համակարգերը դարձնել ավելի արդյունավետ ու այդ առումով վերջին մեկ տարվա ընթացքում կայացրել ենք որոշումներ: Իհարկե, որոշումներն իրենց կենսունակությունը պետք է ցույց տան պրակտիկայում, իրական կյանքում: Ինչպես հայտնի է, մենք Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի հիման վրա ստեղծել ենք Ներդրումների աջակցման կենտրոն և այսօր պետք է ծանոթանանք, թե ինչ հայեցակարգ են պատրաստել կենտրոնի մեր գործընկերները դրա հետագա զարգացման համար և մտքեր փոխանակենք, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ»:

Լևոն Օհանեսյանը զեկուցել է, որ Ներդրումների աջակցման կենտրոնը Հաայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղական և օտարերկրյա գործարարներին տրամադրում է համալիր աջակցություն մի շարք ուղղություններով: Մասնավորապես, տեղեկատվություն է տրամադրվում Հայաստանի ներդրումային հնարավորությունների և պայմանների, այդ թվում՝ պետական խթանների և այլ ընթացակարգերի վերաբերյալ, ներդրողներին կենտրոնի ներկայացուցիչներն ուղեկցում են ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում, աջակցություն ցուցաբերում պետական մարմինների հետ աշխատանքներում:

Back to top button
Close