Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին

Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կենտրոնի գործունեության պատմությունը, միջազգային բժշկության ոլորտում արձանագրած ձեռքբերումները, պարգևատրումները՝ հատկապես հատկանշական համարելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում Հայաստանը ճանաչվել է բացառիկ երկրներից մեկը, որտեղ հաղթահարված է ՄԻԱՎ վարակի փոխանցումը մայրիկից զավակին:

Տիար Ս․ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին, որ  կենտրոնի գոյության երեսուն տարիների ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ակտիվ գործակցում է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց կենտրոնի բժիշկներին՝ ընդգծելով, որ վերջիններս կարևոր առաքելություն են իրականացնում ՁԻԱՀ կանխարգելման ոլորտում: Գարեգին Երկրորդ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ կենտրոնի բժիշկները մեծ ջանքեր են գործադրում ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց կյանքի նկատմամբ վերստին հավատք, վստահություն և սեր ներշնչելու համար: Նորին Սրբությունը ողջունեց նաև կենտրոնի տնօրենի և աշխատակիցների սերտ կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ և նրանց հավատարմությունը քրիստոնեական արժեքներին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստծու օգնականությունն ու օրհնությունը մշտապես ուղեկից լինի բժիշկներին` իրենց պատասխանատու առաքելության մեջ:

Back to top button
Close