Նորություններ

«Հետագա քայլերը կտեսնենք և՛ կառավարության, և՛ քաղաքապետարանի կողմից»․ Հակոբ Կարապետյան

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հանձնարարականը  տվեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ առաջարկելով  համագործակցություն Երևանի քաղաքապետ  Հայկ Մարությանի հետ: Հետագա քայլերը կտեսնենք և՛ կառավարության, և՛ քաղաքապետարանի  կողմից, և կատարվող քայլերի ընթացքը տեսանելի կլինի: Արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև իհարկե լինելու է ակտիվ համագործակցություն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն՝ անդրադառնալով կառավարությունում Նիկոլ Փաշինյանի  արած հանձնարականին:

Հիշեցնենք`  Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կառուցված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատներին` հայտարարելով. «Եթե պետք լինի, այստեղ պետք է անցումային արդարադատության գործիքներ կիրառել և գնալ առաջ»:

Սեփականատերերից մասնավորապես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, դիմել էր քաղաքապետարան, որպեսզի սեփականությունն օրինականացնի, բայց մերժվել է Աբրահամյանի պահանջը: Այս դեպքում խնդիրն ինչպե՞ս է կարգավորվում, եթե պարզվի, որ շինությունն ապօրինի է, ի՞նչ լիազորություններ ունի քաղաքապետարանը, պիտի քանդվի՞ շինությունը, թե՞ վարչական տույժի կենթարկեն ապօրինի շինության սեփականատիրոջը, հարցին Կարապետյանը պատասխանեց.

«Եթե մի քիչ խնդրին առավել խորը մոտենանք, պիտի անդրադարձ կատարենք 2006թ. կառավարության 912 N որոշմանը, այդ որոշման համաձայն՝ համայնքի ղեկավարը, տվյալ դեպքում Երևանի քաղաքապետը, կարող է  օրինականացնել ինքնակամ կառույցները, եթե  դրանք չեն հակասում քաղաքաշինության նորմերին: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին պատկանող գույքի դեպքում մենք ունենք հետևյալ պատկերը, այսինքն՝ կա մասնավոր սեփականություն, որի վրա կատարվել է ինքնակամ շինարարություն, այստեղ կա և 912 որոշում, և համայնքից զավթած տարածք, որտեղ նույն ընտանիքի անդամներն ապօրինի շինարարություն են իրականացրել: Գործող օրենսդրությամբ, գործող իրավական նորմերի առկայության պայմաններում քաղաքապետարանը և քաղաքապետն այդ  տարածքները քանդելու իրավասություն չունի: Այս դեպքում դիմել են քաղաքապետարան սեփականությունն օրինականացնելու պահանջով, և այդ պահանջը չկատարելու դեպքում սպառնում են դատական հայց ներկայացնել»:

 

                                                                            Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close