Նորություններ

Քաղաքացին պիտի թույլ չտա, որպեսզի մեկ անձ կամ կլան փորձի սահմանադրությունը կարել իր չափսերով․ Սարո Սարոյան

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի արդեն 6-րդ օրն է, բայց «այո»-ի և «ոչ»-ի ճամբարները բավականին պասիվ են, այս հանդարտությունն ինչպիսի՞ ազդեցություն կունենա հանրաքվեի արդյունքների վրա, հնարավոր կլինի՞ ապահովել շուրջ 650 հազար «այո»: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ:

«Կարելի է գնահատել, որ քաղաքական միավորները, ուժերը, կուսակցությունները նախորդ օրերին դիրքավորվեցին, և այդ դիրքավորման գործընթացը տեղի ունեցավ իրենց շահերի արժևորման դաշտում, և շատ քաղաքական միավորներ գտան, որ իրենք չպետք է կողմ կանգնեն «այո»-ին կամ «ոչ»-ին և, այսպես ասած, չեզոք դիրք գրավեն: Այստեղ իհարկե պետք է նկատել, որ կան ուժեր, որ դրանով խնդիր ունեն ծանրացնելու «ոչ»-ի ճամբարը. խոսքը հատկապես վերաբերում է նախկին վարչախմբի, այսինքն՝ մինչհեղափոխական վարչախմբի կոալիցիա կազմած կուսակցություններին, որոնք գտնում են, որ նման ձևով կկարողանան առավել խոցելի դարձնել «այո»-ի ճամբարի առջև դրված նպատակները, և կան նաև քաղաքական կուսակցություններ, որոնք չնախընտրեցին մտնել այս գործընթացների մեջ, քանի որ վտանգ տեսան թե՛ իրենց, թե՛ երկրի առջև ծառացած խնդիրների տեսանկյունից. դրա համար նպատակահարմար գտան չեզոք դիրք վերցնել կամ բոյկոտել գործընթացը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սարո Սարոյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ խնդիրների խնդիրը ՀՀ ներկա սահմանադրությունն է, որն արդեն իսկ ճգնաժամեր ստեղծող փաստաթուղթ է, քաղաքական գործընթացը չառողջացնող փաստաթուղթ։

Անդրադառնալով «ոչ»-ի կողմակից, բայց «ոչ»-ի ճակատում տեղ չզբաղեցրած նախկին իշխանության ներկայացուցիչների ընտրած մարտավարությունը, քաղաքագետը  նշեց․

«Նրանց քաղաքական շահերի սպասարկմանը ծառայում է նման դիրքորոշումով առաջ շարժվելը: Եթե «ոչ» որդեգրեին, ապա սև-սպիտակ տարաբաժանման մեջ իրենք սևի դրոշակի կրողը կդառնային, և հանրային մոբիլիզացիա տեղի կունենար սպիտակների դաշտում: Դա իրենց տեսանկյունից ճիշտ է: Հանրային շահի տեսանկյունից հանրությունը պետք է հասկանա, թե քաղաքական միավորները ով ինչ է ուզում ստանալ, ով ինչ է ուզում անի, և եզրահանգումը հանրությունը պետք է իր մեջ անի՝ ինչն է ճիշտ, ինչը սխալ: Հանրային շահերից բխում է այն, ինչը կբարելավի հանրային կյանքը, իսկ հանրային կյանքը կարող է բարելավվել օբյեկտիվորեն իրականացված սահմանադրական բարեփոխումների միջոցով, հանրային շահերը հաշվի առնելով՝ ոչ թե սուբյեկտիվ ինչ-որ մի խումբ անձանց կամ կլանի տեսլականով կամ շահերից ելնելով արված փոփոխությունները սահմանադրության մեջ, այսինքն՝ այն, ինչ մենք տեսել ենք նախկին իշխանության կառավարման ժամանակահատվածում: 1995թ. սահմանադրության ընդունում, 2005թ, 2015թ. սահմանադրական փոփոխություններ, այդ բոլորը արվել է կոնկրետ շատ նեղ շրջանակներ սպասարկելով՝ անձնական, կլանային շահեր սպասարկելով: Հիմա եթե նորից այդպես է լինելու, այդ սահմանադրությունը փորձանք է դառնալու այս երկրի գլխին: Սահմանադրությունը հանրային դաշինք է հանրության քաղաքականացված խմբերի միջև, և բոլորը պետք է սա հասկանան, և յուրաքանչյուր քաղաքացի պիտի փորձի մասնակիցը դառնալ հանրային դաշինքի կայացմանը և թույլ չտա, որպեսզի մեկ անձ կամ մի խումբ անձինք, կլան փորձի սահմանադրությունը կարել իր չափսերով, ինչպես տեսանք 2015թ.-ին»,- եզրափակեց Սարոյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն օրեր առաջ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Հանրաքվեն կկայանա 2020 թվականի ապրիլի 5-ին, իսկ քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close