Նորություններ

Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել է, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված և պայթելու է:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ:

Ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև սակրավորներ և կինոլոգներ:

Քանի որ ահազանգողը չի հայտնել, թե որ օդանավակայանում է ռումբը դրված, մի խումբ ոստիկաններ, փրկարարներ և մյուս իրավասու կառույցների ծառայողներ ստուգում են կատարում նաև «Էրեբունի» օդանավակայանում:

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության հատուկ դասակի ծառայողները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Back to top button
Close