ՄիջազգայինՆորություններ

I’LL BE BACK. կիբերհարձակումը Ռուսաստանից է եղել. Վրաստանի ԱԳՆ

I’LL BE BACK. Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարին կցված այս գրությունը 2019 թվականի հոկտեմբերի 28-ին հայտնվել էր վրաստանյան մոտ 15 000 կայքում: Հարձակման էին ենթարկվել Վրաստանի նախագահի աշխատակազմի, պետական և մեդիա կազմակերպությունների կայքերը: Կիբերհարձակման աղբյուրն անհայտ էր մինչև փետրվարի 20-ը:

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության տվյալներով, հարձակման հետևանքով վնասվել են նշված կազմակերպությունների սերվերները, կառավարման համակարգերը: Հաքերները վրաստանյան կայքերը գրոհելով, նպատակ են ունեցել վնաս հասցնել երկրի ազգային անվտանգությանը, բնակչությանը, պետական մարմիններին ու տարբեր կազմակերպություններին:

Վրաստանի արտգործնախարարությունը նախօրեին տարածած հայտարարությունում տեղեկացրել է, որ անցկացրած հետաքննության և միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում պարզել է՝ կիբերհարձակումը ծրագրվել ու իրականացվել է Ռուսաստանի դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից:

Ռուսաստանի կողմից իրականացված կիբերհարձակումը դատապարտել են մի շարք պետություններ, այդ թվում Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Լիտվան, Կանադան, ԱՄՆ-ն, Ուկրաինան:

«Նման կիբերհարձակումները հանդիսանում են այն թշնամական և ապակայունացման երկարաժամկետ քարոզարշավի մաս, որը Ռուսաստանն իրականացնում է Վրաստանի դեմ»,- նշված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան թվիթերյան էջում տարածված հայտարարությունում: Պաշտոնական Լոնդոնը նշում է՝ հավանականությունը, որ կիբերհարձակումը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից, 95 տոկոսից բարձր է:

Պաշտոնական Վաշինգտոնը ևս դատապարտել է ՌԴ-ի այս քայլը՝ կոչ անելով հետագայում զերծ մնալ այսօրինակ գործողություններից:

Իր հերթին ռուսաստանյան կառույցը հերքել է տարածված տեղեկությունը: Ռուսաստանի դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է՝ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ կերպ միջամտել Վրաստանի ներքին գործերին:

aliq.ge

Back to top button
Close