Նորություններ

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին. հիվանդանոց  տեղափոխելու ճանապարհին նա մահացել է

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:45-ի սահմաններում Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Ռազմիկ Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի 17 PX 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում ՝ դեպի Սևան ընթանալիս, բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 300 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հանդիպակաց երկաթե արգելապատնեշներին ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
Վարորդին վիրավոր վիճակում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Կարեն Գրիգորյանի ու Ստեփան Երիցյանի գլխավորությամբ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայր ժամանած մահացածի ընկերներն ասում էին, որ նա մեկնում էր Իջևան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close