Նորություններ

«Երբ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները լավանում են, հայերն անհանգստանում են, ասում են՝ գուցե Արցախի հետ կապված ոչ հայամետ քայլեր ձեռնարկվեն, երբ վատանում են այդ հարաբերությունները, նորից նույն հարցադրումն է»

Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել: Վերջին ժամանակաշրջանում Սիրիայի Իդլիբ նահանգը տարբեր խմբավորումներից ազատելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում:

Սիրիայի կառավարական զորքերի ավիահարվածների հետևանքով փետրվարի 20-ին Իդլիբում 2 թուրք զինվորական է զոհվել, 5-ը՝ վիրավորվել: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել Ասադի ուժերի հենակետերին: Այդ միջադեպից հետո Թուրքիան նոր ստորաբաժանումներ ու զինտեխնիկա է ուղարկել թուրք-սիրիական սահման:

2018 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որով սիրիական Իդլիբ նահանգը ճանաչվում էր ապառազմականացված գոտի:

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, Ռուսաստան-Թուրքիա լարված հարաբերությունների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:

-Պարոն Իսպիրյան, Թուրքիան Սիրիայի բանակին աջակցելու և պայմանավորվածություններ խախտելու համար մեղադրում է Ռուսաստանին: Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ակնհայտ լարվածություն կա, այդ լարվածության ֆոնին Մերձավոր Արևելքում լայնածավալ ռազմական գործողությունների վտանգ տեսնո՞ւմ եք, և ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

Անդրանիկ Իսպիրյան

— Տեսականորեն, այո՛, կարող է լինել մեծ պատերազմ, բայց դա քիչ հավանական է, քանի որ Թուրքիան այն վիճակում չի գտնվում, որ պատերազմի մեջ մտնի Ռուսաստանի հետ: Թուրքիան ամեն կերպ խուսափում է ՌԴ-ին ներքաշել այդ հակամարտության մեջ, ուղղակի ամեն գնով փորձում է սլաքներն ուղղել սիրիական կառավարական ուժերի դեմ: ՌԴ-ն և Թուրքիան ունեն երկկողմանի շատ կարևոր և բավականին մեծ շահեր միմյանց հետ կապված, որի պատճառով էլ խուսափում են անմիջականորեն մեկը մյուսի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց կամ պատերազմի մեջ ներքաշելուց:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիբ Էրդողանին ներքաղաքական խնդիրները լուծելու համար պետք են ինչ-ինչ գործողություններ, հաղթանակներ, քանի որ Էրդողանի կուսակցության վարկանիշն ընկել է: Միակ միջոցը, որպեսզի դառնա հաղթող առաջնորդ, հաղթող նախագահ, հաղթանակների ճանապարհն է: Այս պահին Էրդողանը փորձում է այդ հարցը լուծել Իդլիբում, սակայն միևնույն ժամանակ այնպես չէ, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած կսպասի՝ թողնելով, որ Իդլիբում իր հովանավորած սիրիական կառավարական ուժերին ջախջախեն:

-Իդլիբի շրջանն ի՞նչ ռազմական նշանակություն ունի հակամարտող կողմերի համար:

— Դա մի հատված է, որը կարևոր կետ է, այս նահանգով անցնում են կարևոր ռազմավարական ավտոճանապարհներ, որոնք Սիրիայի կարևոր մեծ քաղաքներն իրար են կապում. կարևորությունը դրանով է պայմանավորված: Սիրիական բանակը ցանկանում է այդ օջախը, որը երկար ժամանակ պահպանվում էր որպես ահաբեկիչների բույն (քանի որ մնացած մասերից ահաբեկիչները, չկարողանալով պահել իրենց դիրքերը, հեռանում էին), մաքրել ահաբեկիչներից, իսկ Թուրքիան իր հերթին, քանի որ այդ մասում ունի ներկայացուցիչ, փորձում է պահպանել, քանի որ դրանով Սիրիայում ներկայություն է պահպանում: Երկու կողմի համար ունի տարբեր նշանակություն:

-Ռուսաստան-Թուրքիա լարվածության հետագա աճը ի՞նչ սպառնալիքներ կարող են ստեղծել տարածաշրջանի երկրների և մասնավորապես Հայաստանի համար:

— Առկա լարվածությունը չի հասնի այն աստիճանի, որ 2 երկրների միջև պատերազմ լինի. դա վատթարագույն սցենարն է, որը բացառում ենք այս պահին: Իսկ Հայաստանի հետ կապված մշտապես այդ հարցադրումը կա. երբ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները լավանում են, հայերն անհանգստանում են, ասում են՝ գուցե Արցախի հետ կապված ինչ-որ ադրբեջանանպաստ լուծում լինի, ոչ հայամետ քայլեր ձեռնարկվեն: Երբ վատանում են ռուս-թուրքական հարաբերությունները, նորից նույն հարցադրումն է՝ գուցե Հայաստանի համար բացասական ազդեցություն ունենա: Երկու դեպքում էլ մեզ պետք է նախօրոք մշակված գործողությունների պլան:

Իհարկե, անմիջականորեն Հայաստանի հետ կապված ներկա լարվածության պարագայում որևէ վտանգավոր բան տեղի չի ունենա: Ինչպես երևում է, հակամարտող երկու կողմերն էլ խուսափում են լարվածությունը դարձնել ուղիղ հարաբերությունների մակարդակում, ինչն էլ հույս է տալիս, որ այս ամենը չի վերածվի լայնամասշտաբ սրացման:

-Չե՞ք կարծում, որ այս իրավիճակում անհրաժեշտ է ամրապնդել և վերազինել հայ-թուրքական սահմանը:

— Հայ-թուրքական սահմանը երկար տարիներ վերահսկվում է ՌԴ-ի կողմից, ռուսական զորքերն են վերահսկում և պաշտպանում հայ-թուրքական սահմանը, և այդ տեսակետից Թուրքիայի կողմից ցանկացած հարձակում կլինի հարձակում Ռուսաստանի դեմ, և ՌԴ-ն իհարկե միջոցներ կգտնի դրանց դիմակայելու համար: Հայկական կողմն էլ ձեռքերը ծալած նստած չէ. ունենք հակաօդային պաշտպանություն, զինատեսակներ. անկախ այդ հանգամանքից, ես կարծում եմ՝ այս հարցը հնարավորինս լուծված է:

 

         Անահիտ Չալիկյան

Back to top button
Close