ՄիջազգայինՆորություններ

«Ո՞վ և ումի՞ց կստանա Միջազգային արբիտրաժի վճռով Ռուսաստանին պարտավորեցրած 50 մլրդ դոլարը». Խոդորկովսկին մանրամասնում է

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին սոցցանցի իր էջում կիսվել է Հաագայի Միջազգային արբիտրաժի աննախադեպ որոշման մասին տեսանյութով՝ նշելով.

«Քանի որ ես երկար ժամանակ եղել եմ ՅՈՒԿՕՍ-ի սեփականատերը և ղեկավարը, Հաագայի դատարանի որոշումից անմիջապես հետո ես միանգամից ստացա բազմաթիվ հարցեր, շնորհավորանքներ և նախատինքներ:

Ուրեմն, ո՞վ, ինչի՞ համար և ումի՞ց կստանա դատարանի կողմից նշանակված 50 միլիարդ դոլարը, և ի՞նչ է դա նշանակում բոլորիս համար: Մենք այսօր կխոսենք այդ մասին»:

Խոդորկովսկին հայտնել է, որ ռուսաստանյան կողմը չի պատրաստվում կատարել միջազգային արբիտրաժի վճռի պահանջները  եւ չի վճարելու այդ գումարը, իսկ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը բողոքարկելու է որոշումը:

Ըստ Խոդորկովսկու, պաշտոնական Մոսկվան բնակչությանը վճարում է որոշակի չափով բյուջետային միջոցներ, այնքան, որը ժողովրդին հետ կպահի փողոցներ դուրս գալու եւ ընդվզելու մտադրությունից, իսկ միլիարդներ թալանած օլիգարխներն իրենց հսկայական գումարները պահում են օֆշորներում:

Հիշեցնենք, որ Հաագայի Վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի դատական գործով վճարել 50 միլիարդ ԱՄՆ դոլար՝ այսպիսով բավարարելով նախկին բաժնետերերի բողոքն ընդդեմ Հաագայի առաջին ատյանի դատարանի որոշման, որը բեկանել էր Միջազգային արբիտրաժի որոշումը:

2007թ․ ՅՈՒԿՕՍ-ը սնանկ էր ճանաչվել և լուծարվել, իսկ հիմնական ակտիվների սեփականատեր էր դարձել «Ռոսնեֆտը»։

Ռուսաստանը բողոքարկել էր Միջազգային արբիտրաժի որոշումը՝ գործի քննության ընթացքում միայն փաստաբաններին վճարելու համար ծախսելով շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար: 2016թ.-ին Հաագայի շրջանային դատարանը վճռեց, որ Հաագայի արբիտրաժը չունի բավարար իրավազորություն ՅՈՒԿՕՍ-ի գործում, և չեղյալ համարեց գումարի գանձման որոշումը։

Հաագայի Վերաքննիչ դատարանը չեղարկեց Հաագայի շրջանային դատարանի որոշումը եւ Ռուսաստանին պարտավորեցրեց ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի դատական գործով վճարել 50 միլիարդ ԱՄՆ դոլար:

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին 2000-ականների սկզբին համարվում էր ՌԴ ամենահարուստ մարդը։ 2003թ.-ին Խոդորկովսկին ձերբակալվեց եւ 10 տարի անցկացրեց անազատության մեջ: 2013թ.-ի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խոդորկովսկուն ներում շնորհեց, սակայն Ռուսաստանից հեռանալու պայմանով։

Back to top button
Close