Նորություններ

Ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում բացառում է սուպերվարչապետական համակարգի հնարավորությունը: Այս մասին Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինեն, որովհետև զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը կարևոր համարեց արձանագրել, որ ժողովրդավարությունը Հայաստանում կասկածի տակ լինել չի կարող:
«Մենք հիմա վստահ ասում ենք, որ ժողովրդավարությունը մեր երկրի համար որևէ՝ արտերկրից ներմուծված երևույթ չէ: Դա մեր ժողովրդի արժեհամակարգի մասն է, և դրա համար մենք ունենք ապացույց: Մի ապացույցը 1988թ. ժողովրդավարական շարժումն է, որն առաջիններից էր ողջ սոցիալիստական ճամբարի հատվածում, երկրորդը 2018թ. հեղափոխությունն է, որն էլի աննախադեպ էր»,- նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ևս վերահաստատել էր, որ Հայաստանում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող:
«Հայաստանում սուպերվարչապետական համակարգ այսօր գոյություն չունի, որովհետև այնտեղ, որտեղ ժողովուրդն իշխանություն է, որտեղ համակարգային կոռուպցիան ջախջախված է, և ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ»,- նշել էր Փաշինյանը։
Back to top button
Close