ՆորություններՏնտեսական

«Եթե տնտեսությունը մրցունակ չէ, ի՞նչ նշանակություն ունի՝ որ տարածաշրջանային կազմակերպության մեջ ենք». Գ. Վարդանյան

«2019 թ. Հայաստանի ՀՆԱ-ն 7.6%-ով աճել է 2018 թվականի համեմատ»,- այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ աճի թվերը հետևյալն են՝ ըստ ոլորտների. արտահանման աճ — 10,3%, արդյունաբերության աճ — 10,2%, մշակող արդյունաբերության աճ — 12%, առևտրի աճ — 9,3%, ծառայությունների աճ — 10,6%:

Տնտեսության աճի ցուցանիշների, դրանց վրա ազդող գործոնների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է տնտեսագետ Գագիկ Վարդանյանի հետ:

«Տնտեսության աճի վրա ազդող հիմնական ցուցանիշներն ապահովում են ծառայություններն ու հանքարդյունաբերությունը: Հայաստանի համար նույնիսկ երկնիշ աճի դեպքում 7.6%-ն առանձնապես մեծ նվաճում չէ: Երկար ժամանակ է, որ մենք ուշադրություն չենք դարձնում տնտեսական զարգացման խնդրի լուծմանը. այսինքն՝ ներուժի մեծացմանը: Առայժմ տնտեսությունը մնում է փոքր և անմրցունակ»,- կարծիք հայտնեց տնտեսագետ Գագիկ Վարդանյանը:

Հայաստանի տնտեսության աճին՝ ԵԱՏՄ-ին անդամակցելը գործոն կարելի՞ է դիտարկել, հարցին Վարդանյանը պատասխանեց. «Հայաստանում ինովացիոն զարգացում չունենք, տնտեսության նոր հատվածներ չեն ձևավորվում, զբաղվածության մակարդակը երբեմն աճում և նվազում է, բայց բարձր վարձատրվող զբաղվածությունը շատ ցածր է, այսինքն՝ բաժնեմասը փոքր է, իսկ դրանով մեծ արժեք չի ստեղծվի. դրա համար մեր երկրի ՀՆԱ արդյունքը մեծ չէ, ինչն էլ հնարավորություն չի ստեղծում, որպեսզի բնակչության կենսամակարդակը պատշաճ բարձրացվի: Մեծ առաջընթացի համար նախ պետք է մեծ արժեքներ ստեղծվեն, իսկ դա, ըստ էության, տնտեսության նոր ճյուղերի ստեղծումն է՝ հատկապես այն ճյուղերի, որոնք ավելացրած արժեքի հարկ են ստեղծում: Ուզում ենք ԵԱՏՄ-ին համագործակցել, թե ԵՄ-ին համագործակցել, եթե տնտեսությունը մրցունակ չէ (այսինքն՝ մեծ ծավալով ապրանք արտահանելու հնարավորություն չունի), ի՞նչ նշանակություն ունի, թե որ տարածաշրջանային կազմակերպության մեջ ենք»:

«Հասարակությունը, որպես այդպիսին, չի զգա տնտեսական աճի ազդեցությունը, որովհետև աշխատող բնակչության մեծ մասը ցածր աշխատավարձ է ստանում, 60%-ից ավելին միջինը ստանում է 150.000 դրամ, չնայած որ 300.000 դրամի դեպքում էլ այդ հարցը չի լուծվի: Բարձր աշխատավարձի համար զարկ պիտի տրվի բարձր տեխնոլոգիաների արտադրությանը, հանքարդյունաբերության ոլորտին»,- նշեց տնտեսագետը:

Գագիկ Վարդանյանը մատնանշում է ՀՀ տնտեսության զարգացած ճյուղերը, որոնք կարող են տնտեսական աճի դրական միտում ապահովել: Հայաստանի տնտեսության ճյուղերից գյուղատնտեսությունը ցածր մակարդակի վրա է գտնվում, եթե այս ճյուղի ինտենսիվությունը բարձրանա, բավականին մեծ ազդեցություն կունենա, նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: «Որպեսզի մենք 15-20 տարի հետո ունենանք դինամիկ տնտեսություն, այսինքն՝ տնտեսության կառուցվածքն ունենա փոփոխություններին հարմարվելու հնարավորություն, պիտի կրթական ոլորտում էական փոփոխություններ իրականացվեն, որպեսզի ստեղծվի և ապահովվի գիտական ներուժ»:

Հիշեցնենք, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական ցուցանիշներով՝ 2019թ.-ին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 7.8%-ով։ Այդ վիճակագրության համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 2018թ.-ի նույն ցուցանիշի համեմատ աճել է 107.8%-ով։

            Անահիտ Չալիկյան

Back to top button
Close