Միջազգային

ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը Շերեմետեւո օդանավակայանում փորձել է պայթուցիչով ական անցկացնել

ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցը Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում փորձել է ուղեբեռի մեջ պայթուցիչով ական անցկացնել: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, Վաշինգտոնը փորձում է թեստավորել Ռուսաստանի անվտանգության ապահովվածության հուսալիությունը ոչ միայն դրսից՝ պարբերաբար մարտական նավերով եւ ինքնաթիռներով սադրիչ ռեյդեր իրականացնելով, այլեւ՝ ներսից:

«Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանի D տերմինալում ուղեբեռի ստուգման ժամանակ հայտնաբերվել է ականի նմանվող առարկա: Փորձագետները հաստատել են, որ դա պայթուցիչով ական է՝ առանց պայթուցիկ նյութի, թեեւ դրա հետքերը եղել են կորպուսի ներսում»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

ԱՄՆ դիվանագիտական կառույցի աշխատակիցը նշել է, որ Ռուսաստանում ավարտել է իր գործուղումը եւ ձեռք է բերել դատարկ ականն իր անձնական հավաքածուի համար: Նրան թույլատրել են թռչել Նյու-Յորք՝ առանց ականի:

«ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկացվել է միջադեպի մասին: Հուսով ենք, որ այնտեղից կմեկնաբանեն իրենց աշխատակցի արարքը: Դեսպանատան ամերիկացի աշխատակիցը պարզապես չէր կարող չհասկանալ, որ ական տեղափոխելը շատ լուրջ խնդիր է, հետեւաբար նա գիտակցաբար է գնացել այդ քայլին»,-հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button