Նորություններ

Հայտնի մարդիկ Մոնումենտում կառուցել են դղյակներ, հիմա ասում են՝ մեր շենքն ապօրինի է, պարտավոր եք օրինականացնել.Փաշինյան

Գյուղական բնակավայրերում տները կառուցվում են առանց որեւէ ճարտարապետական նախագծի՝ 4 պատ, տանիք, փիլաքյան, եւ դրանով ամեն ինչ ավարտվում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ցանկացած շինարարություն պետք է իրականացվի նախագծով, թույլտվությամբ եւ այլն»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ նախկին բարձրաստիճան իշխանավորների կողմից ապօրինի դղյակներ կառուցելու թեմային. «Հիմա պարզվում է, որ Երեւանում դղյակներ կան, որոնք սկզբից մինչեւ վերջ կառուցվել են ապօրինի: Օրինակ, մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող հայտնի առանձնատները ամբողջությամբ ապօրինի շինություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինությունների օրինականացման վերաբերյալ, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, եւ օրինակ այսօր Երեւանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է:

Ամենահայտնի մարդիկ օրինակ, Մոնումենտում, կառուցել են տներ աներեւակայելի չափերի, հիմա եկել ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել: Երեւանի քաղաքապետն էլ ասում է, որ բոլոր իրավաբաններն ասում են, որ պարտավոր ենք օրինականացնել»,-ասաց վարչապետը:

Նա հանձնարարաեց արդարադատության նախարար ռուստամ Բադասյանին այս հարցը քննարկել Երեւանի քաղաքապետի հետ եւ լուծումներ գտնել. «Մեր երկրում այնպիսի փաստեր են ի հայտ գալիս, որ «неудобно отвечать»,-հավելեց Փաշինյանը:

news.am

Back to top button
Close