Նորություններ

Կրիմինալ բարքերը տեղափոխվել են բանակ․ նշանակում են «չաստ նայողներ», ինչպես քրեակատարողական հիմնարկներում՝ «զոն նայողներ». Նինա Կարապետյանց

Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված երեկ տեղի  ունեցավ խորհրդակցություն, որի շրջանակներում անդրադարձ  կատարվեց  տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին և պատճառներին: Պատասխանատուները, պաշտոնական տեղեկության համաձայն, զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին:

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է  «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան  Նինա Կարապետյանցի հետ։

-Տիկին Կարապետյանց ձեր կողմից իրականացված բողոքի ակցիայից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցություն է  հրավիրում: Խորհրդակցությունից հետո  որևէ արձագանք ստացել եք:

-Ես ողջունում եմ, որ  պարոն Փաշինյանը լսեց խնդիրը, ողջունում եմ, որ արձագանքեց, բայց ցավում եմ, որ նորից ուշացումով է այդ ամենը արվում, որովհետև այդ խնդիրները  բավականին տևական ժամանակ են բանակում տիրել և  արձագանքը պետք է լիներ շատ ավելի վաղուց։ Պաշտոնանկություններ  պետք է որ արդեն եղած լինեին: Խորհրդակցությունից հետո անձամբ ինձ հետ որևէ մեկը չի կապնվել, որևէ արձագանք  չեմ ստացել: Դեռ շատ  հարցեր կան, որոնց պատասխանը մենք չենք ստացել: Ինձ հասած կարծիքների համաձայն, լինելու են պաշտոնանկություններ, բայց բացի պաշտոնանկությունից, պատասխանատվության խնդիր պետք է լինի: Բանակում՝ զինվորից մինչև սպա պետք է հասկանան, որ  իրենց վարքագծի համար անձնապես պատասխանատվություն են կրում:

— Երեկ  ակցիայի  ժամանակ նշեցիք, որ  ունեք հստակ պահանջ՝ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ բանակում տեղի ունեցող սպանությունների, ինքնասպանությունների վերաբերյալ նրանց  հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու նպատակով։ Սպասելիքներ  ունե՞ք, որ կստանաք ձեզ հուզող  հարցերի պատասխանները:

-Ես մեծ հույս ունեմ, որ մինչև մեր  հանդիպումը, եթե  այդ հանդիպումը առհասարակ կայանա, իշխանությունները իրենց համար դասեր կքաղեն և կհասկանան, որ  հանրությունը պատրաստ է պայքարելու և չի հասնի նրան, որ մարդիկ դուրս գան փոցոց ավելի մեծ թվով: Մեր  նպատակը Փաշինյանին այլ աղբյուրից տեղեկատվություն հասցնելն է:

Մենք առաջարկել ենք, որ բացի պաշտոնական տեղեկատվությունից, իշխանությունները այլ աղբյուրներից էլ լսեն տեղեկատվություն այն ամենի մասին, ինչ կատարվում է՝ քրեակատարողական հիմնարկներում, բանակում, ոստիկանությունում , քննչական մարմիններում և դատախազությունում: Ցավոք սրտի, մենք չունենք  այդ ակտիվ համագործակցությունը։  Այո՛, պարբերաբար ինչ-որ լսումներ են կազմակերպվում , բայց այդ լսումները մնում են առանց համարժեք արձագանքի:

Գուցե որոշակի  ուղղությունների վրա իշխանությունները  ունեն իրենց ծրագրերը, կամ իրենք վստահում են այն պաշտոնյաներին, ում վստահել չի կարելի:

-Նիկոլ  Փաշինյանը օրեր առաջ ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ    հայտարարեց, որ բանակում գրանցվող ողբերգական դեպքերի մեծ մասը քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի հետևանք է, կիսու՞մ եք այդ կարծիքը:

-Վարչապետը ճիշտ էր ասում քրեական էլեմենտների ներգործություն , բարքերի տարածում այո՛ բանակում կա,  բայց այդ ամբողջ սլաքները վեկտորները  ուղղվեցին դեպի հանրությունը: Տպավորություն է, որ 18 տարեկան  երեխաներին մենք դաստիարակում ենք կրիմինալ հեղինակություններ, ուղարկում ենք բանակ, որպեսզի կայացած կառույցը ՝ բանակը կազմալուծեն։ Դա չի կարող տրամաբանության մեջ տեղավորվել: Խնդիրը հետևյալում է՝ կրիմինալ բարքերը տեղափոխվել են բանակ, որովհետև  բանակում նշանակում են չաստ նայողներ, ինչպես քրեակատարողական հիմնարկներում ՝զոն նայողներ: Բանակում տեղի են ունենում իրադարձություններ, շարժեր, որոնք շատ նման է այն ամենին, ինչը կատարվում է բանտերում: Ամեն ինչի պատասխանատուները սպայական բարձրագույն կազմն է: Մենք բանակում ունենք ԱԱԾ ներկայացուցիչ, ռազմական ոստիկանություն, որը պարտավոր է այս ամեն ինչը կանխել, բայց բոլոր այս կառույցները իրականում չեն աշխատում։ Համոզմունք ունեմ, որ հենց այդ բարքերի կրողներն են, հովանավորներն ու տարածողները, հետևաբար ամբողջ  բեռը և պատասխանատվությունը բարդել հասարակության վրա նվազագույնը ազնիվ չէ:

-Խոսակցությունների մակարդակով լուրեր են շրջանառվում, որ Արցախում և   Հայաստանում ներքին ինչ-որ դավադիր ուժերի առկայությամբ է  պայմանավորված բանակում տիրող այս իրավիճակը, ինչպե՞ս եք սա մեկնաբանում:

-Ես կարծում եմ, որ եթե բանակում մենք ունենայինք կարգուկանոն, այնպես ինչպես  պիտի լինի  բանակում, մենք նման դավադրությունների, մնացած այլ բաների մասին չէինք էլ խոսելու,  չէինք էլ մտածելու: Այն ինչ որ  կատարվում է քաղաքականության մեջ, առօրյա կյանքում, բանակը  դրանից պետք է զերծ մնա։

Որևէ տեսակետ կյանք ունենալու իրավունք ունի։ Այս պարագայում որինչ չենք կարող ո՛չ  հերքել, ո՛չ  հաստատել, որևէ բան բացառել  կրիմինալացված բանակում հնարավոր չէ։ Առկա է մտածելակերպի և վերաբերմունքի խնդիր, բայց բանակը մերն է ու մենք բանակին տեր ենք կանգնելու, մինչև կարգավորվի բանակում տեղի ունեցող իրավիճակը, որովհետև դա մեր բոլորի անվտանգության խնդիրն է:

                                                                                            Անահիտ Չալիկյան

Back to top button
Close