ՆորություններՔո ձայնը

«Պարոն վարչապետ, դուք խաբում եք սեփական ժողովրդին»․ Արմեն Աղայան

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Պարոն վարչապետ, դուք խաբում եք սեփական ժողովրդին։
1. Լեռնային Ղարաբաղը ընդհանրապես անկախություն չի ստացել, առավել ևս հաստատ չի ստացել անկախություն ինչպես Ադրբեջանը։ Այն ինչ 1991֊ին, ՀՀՇ֊ն ստելով պարտադրել է արցախցիներին, արդեն 2 տարի ՀԽՍՀ-ՀՀ կազմում եղած Արցախը վերստին Հայաստանից անջատելու ստոր փորձ էր, որը զրո իրավական արժեք ունի։ Իսկ ԽՍՀՄ փլուզմանը վերաբերող որևէ միջազգային փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ խոսք չկա և դրանց մասնակցել են բացառապես միութենական հանրապետությունները՝ այդ թվում ԱՊՀ֊ն ձևավորելիս կամ ՄԱԿ ու ԵԱՀԽ ընդունվելիս ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ուստի միջազգային իրավունքի ու այդ փաստաթղթերի ուժով Լեռնային Ղարաբաղը կամ եղել է Հայաստանի կազմում կամ Ադրբեջանի։ Ընտրեք ինքներդ, թե որ տարբերակն է Ձեզ դուր գալիս։
2. Լեռնային Ղարաբաղը հակամարտության և բանակցային կողմ չի եղել, չէ և չի էլ լինելու երբեք։ Հակամարտությունը ակնհայտորեն հայ֊ադրբեջանական է։ Իսկ հրադադարը ընդամենը միջբանակային համաձայնություն է, այլ ոչ թե միջպետական պայմանագիր։ Դուք շատ լավ գիտեք, որ Մինսկի խմբում ԼՂՀ֊ն, որպես պետական կազմավորում, ընդհանրապես ներկայացված չէ։ Ընդամենը, հրավիրվելու դեպքում, կարող են մասնակցել խնդրո առարկա Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանում ապրած «հայկական և ադրբեջանական համայնքների ընտրված և այլ ներկայացուցիչները»։ Եվ հիմա էլ տեսնում եք, որ չեք կարողանում ԼՂՀ֊ն որպես առանձին կողմ մասնակից դարձնել բանակցություններին առանց այսպես կոչված ԼՂ ադրբեջանական համայնքի զուգահեռ ներկայացվածության, ինչը Ձեր կողմից դավաճանությանը հավասար հանցանք կլինի անկախ այդ բանակցություններում ադրբեջանական համայնքի կարգավիճակից։ Հուսամ հասկանում եք։
3. ՈՒզո՞ւմ եք ասել, որ ազատագրված շրջանները շարունակում եք համարել Ադրբեջանի ինքնիշխան տարածք, որը հայերս միայն ստիպված և ժամանակավորապես չենք հանձնում, քանի դեռ մեզ անվտանգ չենք համարում։ Այո՞, թե՞ ոչ։ Եվ ի՞նչ եք անելու, եթե այլ ձևերով՝ ճանաչումով, խաղաղապահներով, միջանցքով երաշխավորվի ԼՂԻՄ տարածքի անվտանգությունը, մնացածը հանձնելո՞ւ եք։ Անվտանգությունը որևէ տարածք ազատագրելու պատճառներից ընդամենը մեկն է, այն էլ երկրորդայինը։ Բուն և առաջնային պատճառը սակայն այն է, որ այդ տարածքները Հայոց բնական հայրենիքի բաղկցուցիչ մասն են։ Եթե դա դեռ չեք հասկացել, ապա Ձեզ սպասվում է այն նույն ճակատագիրը, ինչին արժանացան մերժված նախորդները։ Իսկ եթե կարծում եք, որ առանց որևէ տարածքի նկատմամբ հավակնությունները հստակ արտահայտելու Դուք կարող եք խուսափել այն տհաճ փաստաթղթերից, որոնք մինչ օրս դրված են եղել նախորդ մերժվածների առջև, ապա չարաչար սխալվում եք։
4․ Այո, հնարավոր չէ հակամարտությունը լուծել մեկ֊երկու գործողությամբ։ Ավելին, հնարավոր չէ այն լուծել բանակցությամբ։ Առարկայական ճշմարտությունն այն է, որ մենք անավարտ ենք թողել պատերազմը և պարտվում ենք դրա «կիսախաղաղ փուլը»՝ ավելացնելով հակառակորդի պատերազմը թեժացնելու գայթակղությունը։ Բայց հակամարտությունը կարող էր վաղուց լուծված լիներ, եթե արդեն բնակեցված լինեին ազատագրված բոլոր շրջանները։ Գործողություններ և ճեղքո՞ւմ եք ուզում, այդտեղ է, որ պետք է ճեղքումը դրսևորվի առաջին հերթին։ Ազատագրված շրջանների բնակեցման մակարդակը ուղիղ համեմատական է դրանք չհանձնելու և Հայոց պետության անբաժան մաս տեսնելու իրական կամքին։ Իսկ Դուք արդեն երկու տարի Հայոց պետության ղեկավարն եք։
5. Ընդունելի լինելու մասին այս բառակույտը ոչինչ արժե։ Միթե՞ սա ասելով Դուք պատրաստակամություն եք հայտնել նվազեցնել հայկական կողմի պահանջները այնքան, որ դրանք ընդունելի դառնան Բաքվի համար։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ որևէ պայմանագիր պետք է կողմերի համար ընդունելի լինի ու բնական է, որ ոչինչ փոխադարձաբար ընդունելի չէ, քանի որ այսքան տարի անց պայմանագիր չկա ու չի էլ սպասվում։ Ուստի այդ խոսքերի միակ նշանակությունը «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ազգապառակտիչ անհեթեթության արմատավորումն է, ոչ թե քմծիծաղող օտարների, այլ այդ կեղտոտ քարոզով արդեն բռնաբարված մեր ժողովրդի առջև։
6. Իրականում ռազմական լուծումը հակամարտության իրական լուծման կարևորագույն բաղադրիչն է։ Ադրբեջանի համար էլ բնականաբար ռազմականը հետլուծման հնարավոր տարբերակ է, որը հաստատ կկիրառի երբ վստահ լինի, որ հաջողության կհասնի։ Ուստի նման պնդումներով դրանից խուսափելը թերևս անհնար է։ Իսկ քանի դեռ Հայաստանը շարունակում է ընդունել, որ Արցախի տարածքի մի մասը Ադրբեջանինն է ու մենք այն վերահսկում ենք ընդամենը որպես անվտանգության գոտի, ապա Ադրբեջանի այդ քայլը առնվազն չի դատապարտվի, իսկ երբեմն էլ կընդունվի որպես Բաքվի բնական իրավունք։ Ուստի շատ ավելի լավ կլիներ, որ Հայաստանը ոչ թե ձևացներ, թե հարցի ռազմական լուծումն անհնար է, այլև բացահայտեր ռազմական նոր փուլի դեպքում իր հավելյալ տարածքային հավակնությունները Նախիջևանի և Գարդմանքի ուղղությամբ։

 

Back to top button
Close