Նորություններ

Խոշոր հրդեհ Երևանում. ավտոտեխսպասարկման կետում մի քանի ավտոմեքենա վերածվել են մոխրակույտի. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելքումովի 22/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ:

Ըստ նախնական տեղոկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի` ժողովրդին հայտնի «կարմիր բերետները»՝ Միքայել Այվազյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները:

Ներսում գտնվող մի քանի մեքենա ամբողջովին վերածվել են մոխրակույտի:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննությունններ կատարելուց հետո:

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարում էին քաղաքացիները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close