ՆորություններՍպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը, Մարզպետ Գալստյանն ու Լևան Բերիանիձեն այսօր կպայքարեն բրոնզի համար

Հռոմում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը՝ փետրվարի 16-ին, Հայաստանը մեդալային հույսեր է պահպանում ազատ ոճայինների պայքարում:

Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն այսօր կգոտեմարտի բրոնզե մեդալի համար. նրա մրցակիցը կլինը կա՛մ հույն, կա՛մ բուլղարացի ըմբիշը:

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Գերմանիայի ներկայացուցիչ Լարս Շայֆլեի հետ: Հաղթելու դեպքում՝ Մխիթարյանը Բուլղարիայի ներկայացուցիչ Ռասուլ Ցիկացուի հետ կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանանալու համար:

92 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի հույսեր է պահպանում Մարզպետ Գալստյանը. նա այսօր կգոտեմարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդաուի հետ:

Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: Նրա մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ: Բերիանիձեն կգոտեմարտի կա՛մ ավստրիացի, կա՛մ ադրբեջանցի ըմբիշի հետ:

Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբշամարատի հավաքականը դեռևս մեդալներ չի նվաճել Իտալիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ, բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել էին 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը՝ 0:10 հաշվով զիջելով Սերբիայի ներկայացուցչին, և 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը՝ 7:9 հաշվով պարտություն կրելով Մոլդովայի ներկայացուցչից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները պայքարն ավելի վաղ փուլերում են լքել:

armsport.am

Back to top button
Close