Նորություններ

«Փորձում եմ բացառել, որ դժբախտ դեպքերը ներքին ուժերի արդյունքում կարող են լինել, որովհետև չեմ պատկերացնում, որ հայ մարդը քաղաքական նպատակներով նման քայլի դիմի»

ՀՀ Զինված ուժերում 2 շաբաթվա ընթացքում 8 մահվան դեպք է արձանագրվել՝ խաղաղ պայմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում: Ինչո՞վ է բացատրվում մահվան դեպքերի աճը եւ ովքե՞ր են մեղավորներն ու պատասխանատուները: Թեմայի  վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի հետ:

«Չենք կարող ասել, որ մահվան դեպքերը չեն բացահայտվում, այս մահվան դեպքերի հետ կապված քննություններ են ընթանում: Բանակում տեղի ունեցող դեպքերը մտահոգիչ են, քանի որ տեղի  են ունեցել խաղաղ պայմաններում ու ոչ պատերազմական գործողությունների արդյունքում: Պատկան մարմինները պարտավոր են  հստակ մեկնաբանություններ տալ այս դեպքերի հետ կապված, որովհետև այս անորոշություններն ավելի շատ  ասեկոսեների և շահարկումների տեղիք են տալիս թե՛ հանրության մեջ, թե՛ քաղաքական դաշտում: Երբ կոնկրետ դեպքի մասին չգիտես ինչ է  եղել, ճիշտ չի լինի  բնորոշում տալը: Ես կարծում եմ, որ խորքային մոտեցում է պետք, որպեսզի հասկանանք, թե բանակում ինչու՞ են ոչ կանոնադրային հարաբերություններ, միջանձնային և  հոգեբանական ազդեցություններով դեպքեր  տեղի ունենում: Պետք է լուրջ  վերանայվի զինվոր պատրաստելու  մոտեցումները, մինչև զինվորի բանակ գալը  պետք է  նրա հետ նախապատրաստական աշխատանքներ տարվեն՝ սկսած ընտանիքներից, հասարակության մեջ, կրթական համակարգում: Երեխային զինվոր  պետք է նախապատրաստել մինչև 18 տ. դառնալը»,-հայտարարեց Արթուր Եղիազարյանը:

Փորձագետի խոսքով՝  նույնիսկ ամենալավ բանակում չեն բացառվում դժբախտ դեպքերը և մահվան ելքերը, բայց երբ դեպքերի քանակը շատ է լինում, դա արդեն մտահոգիչ է:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ո՞վ պետք է հանրությանը հստակ բացատրություններ տա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վտանգավոր միտում է նկատվում, կարծիքներ են շրջանառվում Արցախում եւ Հայաստանում ներքին ինչ-որ դավադիր ուժերի առկայության մասին, Եղիազարյանը պատասխանեց. «Ես փորձում եմ բացառել, որ դժբախտ դեպքերը ներքին ուժերի արդյունքում կարող է լինել, որովհետև չեմ պատկերացնում, որ հայ մարդը քաղաքական նպատակներով նման քայլի դիմի: Մենք տեսնում ենք, որ բոլոր դժբախտ  դեպքերն էլ իրարից տարբեր են,  այսինքն՝ այնպես  չէ, որ բոլորը մի ձեռագրի մեջ են, բայց երբ պատկան մարմինները հստակ բացատրություն չեն տալիս, բնականաբար, շահարկման նյութ է  դառնում, իսկ պատասխան տալու համար պետք է հասկանալի դառնա՝ ինչի՞ արդյունքում է եղել դեպքը: Շատ հնարավոր է զինվորի մահը ոչ մի կերպ զինվորական ծառայության հետ կապ չունի: Օրինակ, զինվորը զանգել է տուն, տնեցիների հետ է խոսել, ինչ-որ բան է լսել իր կամ ընտանիքի հետ կապված, և տվյալ զինվորը վատ հոգեվիճակի մեջ լինելով՝ նման քայլի է դիմել: Հիմա այստեղ բանակը ինչո՞վ է մեղավոր: Երբ զինվորի մոտ նկատվում է վարքագծի փոփոխություն, պետք է  զինվորի հետ անմիջական աշխատող սպայակազմի զգոնությունը բարձրացնել, հետամուտ լինեն ամեն մի դեպքի, որպեսզի արձագանքն  արագ  լինի: Ես կարծում եմ, որ բանակում պետք է հզորացվի հոգեբանների ինստիտուտը, ամեն ստորաբաժանմանը պետք է պրոֆեսիոնալ ռազմական հոգեբան, որոնք անհատական աշխատանք տանեն զինվորի հետ: Պատասխանատվությունը զինված ուժերինն է, քանի որ զինվորը գտնվում է զինվորական ծառայության մեջ: Դրա համար պետք է պարզել հանգամանքները, որպեսզի իմանանք խնդիրը որտեղից է գալիս, սխալ քաղաքականության արդյունքու՞մ է, թե՞ առօրյա սխալ կազմակերպչական աշխատանքի հետևանք»:

Հայաստանի իշխանությունների ոչ համաչափ արձագանքն ի՞նչ հնարավոր վտանգների կարող է հանգեցնել, ի՞նչ պետք է արվի բանակում նման դեպքերը կանխելու համար հարցին Արթուր Եղիազարյանը պատասխանեց. «Իշխանության արձագանքը ոչ  համաչափ չէ, ուղղակի ցանկացած դեպքի վերաբերյալ անընդհատ մեկնաբանվում է, որ քննություն է ընթանում ու  հստակ բացատրություն չի  տրվում: Այս պարագայում բացատրություններն այնքան ուշ են տրվում, որ հասարակության մոտ շահարկումներ և  տագնապներ է սկսվում, այսինքն՝ երեխան գնաց բանակ, վտանգվում է նրա կյանքը: Չգիտենք, որ պահին ինչ վարքագիծ կարող է դրսևորվել, պիտի խնդիրը  հասկանալի դառնա, հետո նոր ծրագրավորված աշխատանքներ սկսել»:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՊԲ  զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել զինծառայողներ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը:

Հունվարի  28-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում էր ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը:

Հունվարի 30-ին մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:  Իսկ ժամը 13:00-ի սահմանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը:

Փետրվարի 14-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

   Անահիտ  Չալիկյան

Back to top button
Close