Նորություններ

Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Նիդերլանդների կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, 2019 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը կատարել է  հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ների մոնիտորինգ, որը միտված է բացահայտելու քարոզչության տարբեր մեթոդներով եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները: Սա հետազոտության առաջին փուլն է, երկրորդը կընդգրկի 2020 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածը: Դրանից հետո կկատարվի ստացված տվյալների համեմատական վերլուծություն: Աշխատանքը սկսելուց առաջ իրականացվել է նաև պիլոտային դիտարկում, այն փորձարարական էր և նախատեսում էր մեթոդոլոգիայի կատարելագործում ու դիտարկման խմբի հմտությունների զարգացում:

Դիտարկվել է 13 ԶԼՄ՝ 5 հեռուստաընկերություն (այդ թվում՝ մեկը ռուսական  «РТР-Планета»-ն, որը վերգետնյա եթերային հեռարձակմամբ ընդգրկում է Հայաստանի ամբողջ տարածքը), 3 համապետական թերթ և 5 առցանց լրատվամիջոց (նրանցից մեկը՝ ռուսական  «Sputnik-Armenia»-ն, որը հայերեն բովանդակություն է ստեղծում ու տարածում): Հայկական լրատվամիջոցների ընտրությունը կատարվել է այնպես, որ հնարավորինս ներկայացված լինեն տարբեր քաղաքական ուժերի հետ ասոցացվող ԶԼՄ-ները: Այսպես, թերթերի դեպքում դիտարկվում են իշխանամետ «Հայկական ժամանակ»-ը և երկու ընդգծված ընդդիմադիրները՝ «Իրավունքը» և «Հրապարակը»: Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ապա Հայաստանի հանրային հեռուստատեսությունից և ռուսական «РТР-Планета»-ից բացի, հետազոտվում են ևս երեք հեռարձակվողների՝ «5-րդ ալիք»-ի, «Երկիր մեդիա»-ի և «Կենտրոն»-ի ծրագրերը (հիմնական լրատվական և դրանց հաջորդող հասարակական-քաղաքական հաղորդումները): Դրանցից առաջինը ասոցացվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, իսկ հաջորդ երկուսը համապատասխանաբար «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ: Նույն սկզբունքով, տարբեր քաղաքական կողմնորոշումները հաշվի առնելով, դիտարկաման մեջ ընդգրկված են հետևյալ առցանց լրատվամիջոցները. «Tert.am», «1-in.am», «24news.am», «News.am», «Sputnik-Armenia»:

Քանի որ քարոզչության մեթոդները բազմազան են, ապա դիտարկման շրջանակներում դրանք բաժանված են հետևյալ պայմանական կարգերի (դրանք կարող են դրսևորվել ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ).

  1. տարբեր տիպի մանիպուլյացիաներ (փաստերի նենգափոխում և/կամ խեղաթյուրում, կողմնակալ (աչառու, կանխակալ) մեկնաբանություն, գոյություն չունեցող աղբյուրներին հղումներ և այլն),
  2. ազգային, քաղաքական, սոցիալական, կրոնական, ռասսայական և այլ խմբերի նկատմամբ ատելության խոսքի (hate speech) օգտագործում,
  3. բացասական կարծրատիպերի օգտագործում:

Օգտագործված քարոզչական հնարքներից ամենից տարածվածը իրադարձությունների և երևույթների կողմնակալ-մանիպուլյատիվ մեկնաբանությունն է: Լրագրողներն այն կիրառել են 104 դեպքում, փորձագետները/հասարակական գործիչները՝ 72, քաղաքական գործիչները՝ 29, պաշտոնատար անձինք՝ 14, գիտության և մշակույթի ներկայացուցիչները՝ 5 դեպքերում, մյուս խմբերի հեղինակները՝ մեկական անգամ (տե՛ս 2-րդ հավելվածի 4-րդ աղյուսակը):

Եվրոպական թեմատիկայով տեղեկատվական մանիպուլյացիաների հնարքներից տարածվածության աստիճանով երկրորդը փաստերի խեղաթյուրումն է: Լրագրողների շրջանում այն արձանագրվել է 15, քաղաքական գործիչների մոտ՝ 9, փորձագետների/հասարակական գործիչների մոտ՝ 6 անգամ: Մյուս խմբերի հեղինակների մոտ փաստերի խեղաթյուրումը եզակի դեպքերում է եղել:

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Սույն զեկույցում ներկայացված կարծիքներն ու գնահատականները Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեինն են և կարող են չհամընկնել Նիդերլանդների կառավարության տեսակետների հետ։

Ավելին
Back to top button
Close