ՆորություններՍպորտ

Ուրախ եմ, որ կարողացա մեր երկրի դրոշը բարձր պահել թուրքերից ու ադրբեջանցիներից. ԵԱ-ի չեմպիոն Գևորգ Ղարիբյան

Ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն ասում է` շատ ուրախ է, որ կարողացել է ուրախացնել հայ ազգին` Հռոմում ոսկե մեդալ նվաճելով:

Այս մասին Ղարիբյանն ասել է Զվարթնոց օդանավակայանում` լրագրողների հետ ճեպազրույցում.

«Շատ լավ եմ զգում ինձ, որ կարողացել եմ մեր երկրի հիմն ու դրոշը բարձր պահել թուրքերից ու ադրբեջանցիներից: Դժվարություններ, իհարկե, լինում են, Եվրոպայի առաջնություն է, առաջին գոտեմարտից հետո ինձ շատ վատ էի զգում, բայց լավ է, որ կարողացա հավաքվել ու հաջող գոտեմարտեր անցկացնել: Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել իմ ազգին, շատ զգացված եմ»,- խոստովանել է Գևորգ Ղարիբյանը:

Տարիներ շարունակ 26-ամյա ըմբիշը վերականգնվել է վնասվածքներից, վիրահատություններ է ունեցել ու արդյունքում կարողացել է մեծահասակների առաջին մեդալը նվաճել ԵԱ-ում.

«Վնասվածքներ շատ եմ ունեցել, 4 տարի շարունակ վիրահատություններ, վնասվածքներ եմ ունեցել, բայց, Փառք Աստծո, կարողացա հաղթահարել ամեն ինչ ու Եվրոպայի չեմպիոնությունը նվաճել»,- ասել է Ղարիբյանը:

Նրա խոսքով, ԵԱ-ում ամենալարված պահը թուրք ըմբիշի հետ գոտեմարտն էր.

«Ուսիս վնասվածքս սկսել էր տեղի տալ, մի փոքր ցավ զգացի, մարզիչներին ասացի, նոր տակտիկա մշակեցինք: Ճիշտ է` շատ դժվար պայքարում, բայց ամեն ինչ նորմալ ստացվեց»,- ասել է ըմբիշն ու նշել նաև, որ լրացուցիչ մոտիվացիա է ունեցել թուրք և ադրբեջանցի ըմբիշների հետ գոտեմարտերում.

«Իհարկե, թուրքի և ադրբեջանցու հետ գոտեմարտերում այլ կերպ էի տրամադրվել, մեզ համար կարելի է ասել` պատվի հարց էր: Ադրբեջանցու հետ գոտեմարտը շատ սկզբունքային էր, ոչ սպորտային պահվածքով էր մոտեցել, բայց կարողացա մաքուր հաղթանակ տանել»,- եզրափակել է իր խոսքը Գևորգ Ղարիբյանը:

Հիշեցնենք` նախնական փուլերում Գևորգ Ղարիբյանը տպավորիչ հաղթանակներ է տարել բուլղարացի Ավգուստին  Բոյանով Սպանովի (9:1), ադրբեջանցի Մուրադ Բազարովի, էստոնացի Հիլարի Մայգիսալուի (երկուսին էլ` 8:0 հաշվով) և մտել է եզրափակիչ: Վճռական գոտեմարտում էլ հաղթել է Քերեմ Քամալին:

armsport.am

Ավելին
Back to top button
Close