ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Մենք «Այո»-ի տերն ենք, «Ոչ»-ը կարող է փողոցում գցած մնալ»

«Մեզ չի հետաքրքրում՝ ով կլինի «Ոչ»-ի քարոզարշավի առաջնորդը»: Այդ մասին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին»  հաղորդման շրջանակներում:

«Մենք ունենք արժեքային հարցեր, եւ ես ուզում եմ կարճ հիմնավորել, թե ինչու մենք հաշտ չենք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Խնդիրը ոչ այնքան Սահմանադրական դատարանի կազմն է, որքան Սահմանադրական դատարանը:

Տարիներ շարունակ եղել են ընտրությունների կեղծիքներ, մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ, ունեզրկումներ, սեփականության իրավունքների խախտումներ, եւ Սահմանադրական դատարանը երբեք պատշաճ, արժանի գնահատական չի տվել այդ երեւույթներին: Մարդիկ տարիներ շարունակ գնացել են Սահմանադրական դատարանի դուռը եւ այն փակ է եղել: Հիմա շատ խորհրդանշական է, որ հենց մարդիկ պետք է վճռեն այդ դատարանի ճակատագիրը: Հաջորդը, որ բացահայտվեց, դա այն դատավորների պաշտոնավարման ժամկետների երկարաձգման ավանտյուրան էր, երբ նախատեսված պլանով Հրայր Թովմասյանը, ըստ էության, Սահմանադրության մեջ ներմուծեց մի երաշխիք, որով երկարաձգեց իր պաշտոնավարումը:

Սա խաբեություն է: Անտրամաբանական է, որ սահմանադիրը, ժողովուրդը մտածի սահմանադրական դատարանի մի մոդել, որտեղ Սահմանադրական դատարանի դատավորները 6 տարվա պաշտոնավարման ժամկետ ունեն, բայց այդ որոշման իրագործումը հետաձգվի 20 տարով: Դա անտրամաբանական է, անիմաստ է եւ դա խաբեություն է, որի հետ չենք կարող հաշտ լինել»,-ասում է Լենա Նազարյանը:

Այդ դեպքում ինչու՞ սպասեցին երկու տարի: Ի պատասխան ԱԺ փոխխոսնակն ասաց. «Նախ երկու տարի ո՛չ գործադիրը, ո՛չ օրենսդիրը պարապ չեն մնացել: Իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարվել եւ ավելին դեռ կա անելու: Խոսակցություններ միշտ եղել են, եւ դրա համար է նաեւ ստեղծվել սահմանադրական մեծ փոփոխություններ անելու հանձնաժողով, որը եւ առաջիկայում կներկայացնի այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ նաեւ հանրային քննարկում պետք է լինի»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորեւ:

Back to top button
Close