ՆորություններՍպորտ

Հայ հունահռոմեականների հռոմեական ճանապարհորդությունը

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը մրցավայր մեկնեց 10 ըմբիշով՝ ներկայացված լինելով բոլոր քաշային կարգերում:

Առաջին օրը հարթակ դուրս եկան 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ու 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը:

Ռուդիկը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից ու 1-7 հաշվով պարտվեց 2018 թ-ի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էլդանիզ Ազիզլիին: Կիսաեզրափակչում Ազիզլին, իր հերթին, 5-7 հաշվով պարտվեց հայազգի Էդմոնդ Նազարյանին, որը Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է: Ազիզլիի պարտությունը Ռուդիկին զրկեց սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորությունից:

63 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում հանդիպեց վրացի Լևանի Կավջարաձեին: Հովհաննիսյանն իրեն նման չէր ու ժամանակից շուտ 0-8 հաշվով պարտվեց վրացի մրցակցին: Կավջարաձեն քառորդ եզրափակչում 2-7 հաշվով պարտվեց ու Սահակը ևս զրկվեց սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորությունից:

77 կգ քաշային Կարապետ Չալյանից, ինչպես միշտ, շատ էին սպասելիքները և նորից ու նորից ինչ-որ բան չբավականացրեց Կարոյին: Չալյանը փայլուն հաղթանակներով հասավ մինչև կիսաեզրափակիչ՝ ճանապարհին հաղթելով շվեյցարացի Նիկոլաս Քրիստենին, սերբ Վիկտոր Նեմեցին ու բելառուս Պավել Լիախին: Կիսաեզրափակչում Չալյանը հանդիպեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: Գոտեմարտը տարբերվեց մինչ այդ Կարոյի վարած գոտեմարտերից: Սա էլ արդեն որերորդ անգամ Չալյանին կես քալ չի բավականացնում եզրափակիչ դուրս գալու համար, բայց կարևորն այն էր, որ մրցաշարը վարկանիշային չէր: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարոն հաղթեց հայազգի Հայկ Մնացականյանին: Հայկն առաջին խաղափուլում արմունկի վնասվածք ստացավ ու երկրորդ մրցափուլի սկզբում հրաժարվեց պայքարից:

87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից ու 1-3 հաշվով պարտվեց վրացի Թոռնիկե Ձամաշվիլիին: Վրացին էլ պարտվեց հաջորդ փուլում ու Մանուկյանը թողեց պայքարը:

Անհաջող էր նաև գերծանր քաշային Դավիթ Օվասապյանի ելույթը. մեկնարկում 0-3 հաշվով պարտություն: Դավիթին հաղթած Շարիատին հետագայում պարտվեց ու Օվասապյանը, նույնպես, մնաց ձեռնունայն:

Մեդալային գոտեմարտերի երկրորդ օրը գորգը տրամադրվեց 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային ըմբիշներին:

60 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակը Գևորգ Ղարիբյանն էր: Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթողը վերջապես մեդալ ունեցավ նաև մեծահասակների առաջնությունում: 26-ամյա ըմբիշն անցել է բազում վնասվածքների միջով, իսկ երեկ ապացուցեց, որ բոլոր վնասվածքներն արդեն անցյալում են: Գևորգը մինչ եզրափակիչ հասնելը բոլոր գոտեմարտերում հաղթեց ժամանակից շուտ՝ պարտության մատնելով բուլղարացի, ադրբեջանցի ու էստոնացի ըմբիշներին: Եզրափակչին հետևեցինք շունչներս պահած: Գևորգի մրցակիցը թուրք Քերեմ Քամալն էր: Գևորգը պասիվություն ստացավ առաջին մրցափուլում, իսկ մրցակիցը չկարողացավ գլորել: Երկրորդ մրցափուլում փառահեղ 4 միավորանոց հնարք կատարեց ու առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակիցը նաև պասիվություն ստացավ ու հաշիվը դարձավ 5:1, սակայն պարտերում Գևորգը անփույթ վարվեց ու չկարողացավ միավոր վաստակել: Հետագայում Քամալը ևս 4 միավոր վաստակեց, բայց 5-5 հաշվի պայմաններում հաղթեց Գևորգը, քանի որ 4 միավորանոց հնարք էր կատարել:

 

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը շատ լավ սկսեց առաջնությունը: Կիսաեզրափակչի ճանապարհին Ասլանյանը հաղթեց ըմբիշներին: Կիսաեզրափակչում մրցակիցը «կեղտոտ» գոտեմարտ վարեց ու հաղթեց 4-3 հաշվով: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ասլանյանը գերվստահ տեսք ուներ ու հաղթեց:

Սպասելիքները մեծ էին 72 կգ քաշային Մալխաս Ամոյանից: Արդեն հասունացել է այն պահը, որ Մալխասը իրեն լավագույնս դրսևորի միջազգային հարթակներում, սակայն այս անգամ չստացվեց: Առաջին իսկ գոտեմարտում Ամոյանը 0-8 հաշվով անհասկանալի պարտություն կրեց Խորվաթիան ներկայացնող Դոմինիկ Էտլինգերից: Էտլինգերը պարտվեց քառորդ եզրափակչում ու առաջնությունն Ամոյանի համար նույնպես ավարտվեց:

82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների առաջնությանը ու մեկնարկը գերազանց էր: Ռուբենը ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղցթեց իսրայելացի Իգոր Պետրիշինին: Ցավոք, քառորդ եզրափակչում Ռուբենը պարտվեց իտալացի Չիրո Ռուսսոյին, իստ Ռուսսոն, իր հերթին, պարտվեց կիսաեզրափակչում ու մեր ըմբիշը բավարարվեց մեկ հաղթանակով:

Մինչ այս առաջնությունը Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եկել էր 5-րդ ոսկու հետևից, որպեսզի կարողանար ափը պարզած տոներ չեմպիոնությունը: Բոլոր գոտեմարտերն Արթուրը վարեց գերխելացի՝ չտալով մրցակիցներին և ոչ մի հնարավորություն: 1/8 եզրափակչում մի փոքր համառեց Ջենք Իլդեմը, բայց միայն այդքանը: Արթուրը եզրափակչում 7-1 հաշվով հաղթեց Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կախելաշվիլիին: Առաջինը Արթուրին պարտեր իջեցրին, բայց վրացին, չնայած մեծ ցանկությանը, նույնիկս մոտ չէր միավոր վաստակելուն, իսկ հետո Արթուրը պարտերից 2 գլորում կատարեց ու ևս 2 միավոր ստացավ մրցակցի ոչ սպորտային պահվածքի համար ու հաղթեց 7-1 հաշվով:

 

Չնայած մեկնարկային օրվա անհաջող ելույթներին, երկրորդ օրը մերոնք շտկեցին իրավիճակն ու ընդհանուր նվաճեցին 2-ական ոսկե և բրոնզե մեդալներ: Մեդալային հաշվարկով Հայաստանը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց չորրորդ հորիզոնականը: Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային չէր, սակայն առջևում կա վարկանիշային մրցաշար, որին պետք է ներկայանալ լավագույնս: Հիշեցնենք, որ այս պահին մենք ունենք 2 ուղեգիր՝ 77 և 97 կգ քաշային կարգերում:

Արմեն Գարամյան

armsport.am

Back to top button
Close