Նորություններ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նորանշանակ գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ։

Շնորհավորելով Ղադա Ֆաթի Վալիին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հաջողություն մաղթեց վերջինիս իր պատասխանատու առաքելության մեջ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև հաստատված արդյունավետ  գործընկերությունը և պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկելու դրա առավել ամրապնդման ուղղությամբ։  Նախարար Մնացականյանը նշեց, որ Գրասենյակի լիազորությունների շրջանակում ընդգրկված մարտահրավերների հասցեագրումը և կայուն զարգացման օրակարգի առաջմղումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակը: Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի իշխանությունների հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում՝ ընդգծելով այդ պայքարի կարևորությունն ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ տարբեր երկրների հետ փորձի փոխանակման միջոցով։

Back to top button
Close