Հայաստանն ամենաերջանիկ երկրների 7-րդ հորիզոնականում է

ՀՀ քաղաքացիների 62%-ը կարծում է, որ 2020թ-ը 2019-ի համեմատ կլինի ավելի լավը, 7%-ի կարծիքով կլինի ավելի վատը, իսկ 2%-ի համոզմամբ էլ կմնա նույնը, ինչպիսին 2019-ին էր, 6%-ն էլ դժվարացել է պատասխանել հարցին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «GALLUP international association»-ի անդամ «NPJ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Գայանե Դաջունցը՝ անդրադառնալով «GALLUP» ընկերության հետազոտությունը։
Նա նշեց, որ 2015թ-ին Հայաստանում գրանցվել է -8 ցուցանիշ, 2016թ-ին աճ է գրանցվել, 2017թ-ին բավականին անկում է եղել. «Եթե հիշում եք, դա հեղափոխությանը նախորդող տարին է և արդեն 2018թ-ին, մեր ցուցանիշը կտրուկ աճ է գրանցել՝ 55%, և այդ աճը պահպանվել է նաև այս տարի»։
Ներկայացնելով «GALLUP» ընկերության երջանկության ինդեքսի վերաբերյալ Հայաստանում կատարված հարցման պատասխանները, Դաջունցն ասաց.
«Հայաստանը 5-յակում չի գտնվում, սակայն բարձր ցուցանիշ ունի։ Հարցվողների 13%-ը նշել է, որ շատ երջանիկ է, 60% նշել է, որ երջանիկ է, 23%-ն ասել է, որ ոչ երջանիկ է, ոչ դժբախտ, 2%-ն ասել է, որ դժբախտ է, իսկ 1%-ը շատ դժբախտ։ Հարցին դժվարացել են պատասխանել 1%-ը»։
Նա հայտնեց, որ աշխարհի ամենաերջանիկ երկրների հնգյակում են Կոլումբիան, Ինդոնեզիան, Էկվադորը, Ղազախստանը, Նիգերիան ու Ֆիլիպինները։ Իսկ Հայաստանը 7-րդ տեղում է։
Ընկերության փոխտնօրենի փոխանցմամբ, ոչ երջանիկ երկրներն են Հորդանանը, Լիբանանը, Սիրիան, Հոնկոնգն ու Իրաքը։