ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Նիկոլ Փաշինյանը կարևոր գործ է արել, բայց նոր Հայաստան կառուցել չի կարող. նա շարունակ խոսելու է թալանից». Մարինե Պետրոսյան

«Բացարձակ իշխանությունը սարսափելի բան է: Պատմությունը ցույց է տալիս, որ բացարձակ ամեն ինչը վատ բաների է հանգեցնում»,- ասում է բանաստեղծ Մարինե Պետրոսյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում՝ անդրադառնալով փետրվարի 6-ին Ազգային ժողովում տեղի ունեցած պրոցեսներին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

«Զանգվածներն են դարձել Նիկոլի և՛ հենարանը, և՛ ամբողջ դիսկուրսի կենտրոնը, որը շատ վտանգավոր է»,- կարծում է նա:

Մարինե Պետրոսյանը հետևում է Փաշինյանի Ֆեյսբուքի էջին: Նկատում է՝ իշխող ուժին քննադատողների վրա  այդ զանգվածները սկսում են «զանգվածային հարձակում», և Նիկոլ Փաշինյանը չի փորձում կանգնեցնել այդ պրոցեսը: Ինչո՞ւ… Մարինե Պետրոսյանը ենթադրում է՝ գուցե քաղաքականապես իրեն ավելի նպատակահարմար են այդ «զանգվածները»:

«Իր զենքն է: Ինքը մտածում է, որ դիմացինն ունի փող և այլն, և այլն, իսկ ինքն ունի էդ»:

Վախեցնող է համարում նաև այն, որ ո՛չ թիմի ներսում, ո՛չ դրսում, ո՛չ Ազգային ժողովում չկա ռեալ այլընտրանք:

Մարինե Պետրոսյանը կարծում է, որ թեև Նիկոլ Փաշինյանը կարևոր գործ է արել, բայց նոր Հայաստան կառուցել չի կարող:

«Որովհետև կենտրոնական խնդիրը, գլխավոր խնդիրը սխալ է ձևակերպել… Հին ռեժիմ, թալանչիներ, ձեզ խաբում էին և այլն, և այլն, հիմա մենք թալանչիներին հեռացրել ենք, իրենց թալանածը հետ կբերենք, կմտցնենք բյուջե և լավ կլինի: Դա շատ հրապուրիչ միտք է, աշխատող, բայց սխալ միտք է, որովհետև դա չէ խնդիրը: Հայաստանը չի դառնալու մեր ուզած երկիրը, զարգացած երկիրը՝ միայն թալանի դեմ պայքարելով, որովհետև պատճառը չէ դա: Հայաստանի խնդիրը ոչ թե թալանն է, այլ զարգացումը»:

Հասարակական դիսկուրսի թեման պետք է լինի այն, թե ինչպես անենք, որ զարգացում ապահովվի:

Բանաստեղծի կարծիքով, քանի Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, նա շարունակ խոսելու է թալանից և ասֆալտին փռելուց:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև։

 

 

Back to top button
Close