ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Հիանում եմ Նիկոլ Փաշինյանով». Ստեփան Դանիելյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրենց նպատակն է ունենալ այնպիսի Սահմանադրական դատարան, որը կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, իրավունքի գերակայությունը, քաղաքագետը պոպուլիստական է համարում:

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու ՀՀ Ազգային ժողովի որոշմանը, նշել է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավորները այդպես էլ որևէ քաղաքական կամ իրավական հիմնավորում չկարողացան ներկայացնել, թե ինչու են նախաձեռնել այս գործընթացը:

«Բացի պոպուլիստական հիմնավորումներից, չկար որևէ ռեալ հիմնավորում: Չկար որևէ պատասխան, թե դուք ինչ եք ուզել անել, որ Սահմանադրական դատարանը ձեզ խանգարել է: Կամ, ժողովուրդը հիմնականում դժգոհ է դատարանի մյուս ատյաններից, ինչո՞ւ այդտեղից չեք սկսում: Ինչո՞ւ չեք փոխում ընտրական հանձնաժողովի կազմը, ժողովուրդն ընտրակեղծիքներից էր բողոքում: Կամ ինչո՞ւ ոստիկանությունում և դատախազությունում որևէ փոփոխություններ չկա: Այն ռեպրեսիա իրականացնող կադրերը, որոնք գործում էին, հիմա շարունակում են գործել: Երևի լավ են իրենց ծառայում: Այսինքն, այս հարցերի պատասխանը գոյություն չուներ»,- նշում է Ստեփան Դանիելյանը:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրենց նպատակն է ունենալ այնպիսի Սահմանադրական դատարան, որը կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, իրավունքի գերակայությունը, քաղաքագետը կրկին պոպուլիստական է համարում:

«Այն արտահայտությունը, թե մենք կունենանք երազանքի Սահմանադրական դատարան, որը ժողովրդի ցանկություններով շարժվի, դա աբսուրդ է, որովհետև ընդհանրապես գոյություն ունեն օրինականություն և արդարություն հասկացությունները, որոնք շատ դեպքերում իրար հետ հակասության մեջ են մտնում: Դատարանների դերը օրինական որոշում կայացնելն է: Այսինքն, ելնելով ոչ թե ժողովրդի կամքից, ոչ թե այս կամ այն մարդու կամ մարդկանց խմբերի՝ արդարության մասին պատկերացումներից, այլ ըստ օրենքների: Եթե օրենքները վատն են, ապա Ազգային ժողովը նրա համար է, որպեսզի լավ օրենքներ ընդունի, ու դատավորն ըստ այդ օրենքների որոշումներ կայացնի: Այս որոշումներից կարող է դժգոհ լինեն»,- ասում է Դանիելյանը և օրինակ բերում հոլիվուդյան ֆիլմերը, որոնցում ի ցույց է դրվում օրինականության և արդարության հակասությունը, թե ինչպես է դատավորը կանգնում դժվար ընտրության առաջ.

«Այդ մարդու հանցագործության դրդապատճառները շատ հասկանալի են, մարդկային են, բայց մյուս կողմից ինքը հանցագործություն է կատարել, և օրենքներն ասում են, որ պետք է պատժել: Մեզ մոտ այդ գիտակցությունը, այդ վեճերը, այդ դիսկուսիաները, թեկուզ ֆիլմերի տեսքով, գոյություն չունեն: Հիմա այդ հայտարարությունները, որ գիտեք՝ երազանքի Սահմանադրական դատարան ենք ունենալու, սա ուղղակի դեմագոգիայի գագաթնակետն է, և հատկապես ցավալի է, որ երկրի առաջին դեմքն է դա ասում: Դա շատ վտանգավոր է»:

Քաղաքագետը տոտալիտար մոտեցում է համարում այս հայտարարությունը, որ ժողովրդի իշխանությունը բացարձակ է, և որ երկրի Սահմանադրական դատարանն իրավունք չունի այն սահմանափակել:

«Ցանկացած մեծ հանցագործություն կատարվել է ժողովրդի անունից»:

Ստեփան Դանիելյանը նշում է, որ տեղի ունեցող գործընթացներով գործող իշխող թիմը լվանում է մարդկանց ուղեղները և մանիպուլյացնում:

«Այդ առումով հիանում եմ Նիկոլ Փաշինյանով»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:

Արմենուհի Վարդանյան

Ավելին
Back to top button
Close