ՆորություններՔո ձայնը

ԼՂՀ-ն երբեք բանակցային կողմ չի եղել, չի կարող լինել եւ չի լինելու. Արմեն Աղայան

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Պարոն Նիկոլ Փաշինյան, Արցախում սոսկ բնակիչներ չեն ապրում, ինչպես որ կոչում եք նրանց Ձեր ելույթում, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այսօր Դուք և միայն Դուք եք, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, նրանց ներկայացնում։ Իսկ որ Արցախում գրանցված ՀՀ քաղաքացիները իրենց բնակության վայրերում Ձեզ ընտրելու հնարավորություն չեն ունեցել, ապա դա այդ քաղաքացիների սահմանադրական իրավունքներից ամենակարևորի՝ ընտրելու իրավունքի կոպտագույն ոտնահարում է, որի պատասխանատուն հին Հայաստանի քաղաքական վերնախավն էր։ Ցավոք, Դուք էլ եք որոշել նմանվել նրանց։
Գուցե կամենալով դրական լուծում ապահովել Արցախյան խնդրին, կամ առնվազն հետաձգել վատ լուծումը, որդեգրել եք լևոնական հին, անհեթեթ ու ազգապառակտիչ մարտավարությունը, որը հեղինակվել է ոչ թե Արցախի հարցը հայանպաստ լուծելու, այլ պաշտոնական Երևանին դրա չլուծման կամ պարտվողական լուծման պատասխանատվությունից ձերբազատելու համար։
Ձեր դիրքորոշումը, եթե նույն այդ պատասխանատվությունից խուսափելու փորձ չէ, ուրեմն մեծագույն մոլորություն է։
Մոլորություն է, որ ԼՂՀ֊ն երբևէ մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին և միայն Քոչարյանն է նրան դուրս թողել գործընթացից։ Կամ որ ԼՂՀ չմասնակցելը Բաքվի պարտադրանքն ու հաջողությունն է։
ԼՂՀ֊ն չի մասնակցել, քանի որ միջազգային սուբյեկտ չի եղել։ Իսկ ամեն անգամ, երբ պաշտոնական բանակցություններից դուրս կամ զուգահեռ, ԼՂ բնակիչների ներկայությունը բեմականացնելու կարիք է եղել, ապա հայ համայնքը ներկայացրել է այսպես կոչված ԼՂՀ ներկայացուցիչը, իսկ նրա դիմաց նստած է եղել ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը՝ հիմնականում Շուշիի նախկին քաղաքապետը։
Կարծում եմ, որ պատահական չէ, որ Դուք էլ Ձեր բրյուսելյան ելույթում խոսում էիք ոչ թե ԼՂՀ քաղաքացիների, ոչ էլ ԼՂՀ ժողովրդի կամ բնակչության, այլ ԼՂՀ միայն հայ բնակիչների մասին։ Ընդ որում շատ ճիշտ եք անում, որ չեք խոսում ԼՂՀ քաղաքացիների մասին, քանի որ Արցախում կան միայն ՀՀ քաղաքացիներ։
Սուտ է, թե Բաքվին սարսափեցնում է ինչ֊որ ձևաչափով Ստեփանակերտի ներգրավումը բանակցություններին։ Եթե դուք համառեք և Մինկսի խումբը համաձայնվի ձևական մասնակցության, ապա Բաքուն (1) մեծ ուրախությամբ կընդունի մեր իսկ կողմից Արցախի Հայաստանից անջատ լինելը փաստող հերթական դրսևորումը և (2) անմիջապես Ստեփանակերտի ղեկավարների լիազորության հարց առաջ կբերի, քանի որ նրանց ընտրությանն էլ չեն մասնակցել ԼՂ ադրբեջանցի բնակիչները։ Դրանով նա կլուծի ևս մեկ խնդիր՝ բանակցությունների սեղան կվերադարձնի տեղահանված ադրբեջանցիների խնդիրը, որոնք կամ պետք է մասնակցեն ԼՂՀ ներկայացուցիչների ընտրությանը կամ պետք է ունենան իրենց ներկայացուցիչները։ Որից հետո Դուք ինքներդ կհրաժարվեք այդ ձևաչափից։

Վերադարձեք ՄԻԱՑՄԱՆ տրամաբանությանը։ Ընդունեք վերջապես այն, ինչը դրվել է Հայաստանի անկախության հռչակագրի հիմքում։ Արցախը միացել է Հայաստանին դեռ 1989թ, նրա հետ միասին անկախացել է ԽՍՀՄ֊ից։ Հայաստանից Արցախը երբեք չի անկախացել՝ ոչ սեպտեմբերի 2֊ի հռչակագրով, որում անկախություն բառն անգամ չկա, ոչ էլ ԽՍՀՄ օրենքի վրա հղում կատարող դեկտեմբերի 10֊ի անիմաստ հանրաքվեով։
Դադարեք շեշտադրել ինքնորոշման իրավունքի վրա։ Ընդունեք, որ Արցախյան ազատամարտը պատերազմ էր Ադրբեջանի և Հայաստանի միջև, որում Բաքուն փորձեց գրավել ՀՀ տարածքի մի մասը, սակայն արդյունքում կորցրեց վերահսկողությունը իրեն չպատկանող հայկական տարածքների ևս մեկ հատվածի նկատմամբ։ Նոր պատերազմի ժամանակ էլ կարող է կորցնել վերահսկողությունը մնացածի նկատմամբ։ Եկեք դադարենք վախենալ և բաց ներկայացնենք մեր հավակնությունները ոչ միայն ներքին լսարանի առաջ՝ ամրագրելով իրական քայլերով։
Վերջապես վերադարձրեք արցախաբնակ ՀՀ քաղաքացիներին իրենց սահմանադրական իրավունքները և հաջորդ ընտրություններին ընտրվեք հայաստանաբնակ ողջ հայության կողմից։

ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ,
ոչ թե մեր հոգիների խորքում, այլ իրականում,
և ոչ թե մի օր, անորոշ ապագայում, այլ հիմա։

Ավելին
Back to top button