ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

«Մեզ հետ մի խոսեք, ինչպես Շմայսի հետ մենք էինք խոսում». բանավիճում են Անի Սամսոնյանը և Մարիա Կարապետյանը

ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման հյուրերն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը և ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Անդրադառնալով Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում», Անի Սամսոնյանն ասել է.

«Երեք տարօրինակություն կա այդ հայտարարության մեջ: Առաջինն այն, որ պարոն վարչապետի ձևակերպումներում կային քրեական լեզվամտածողության տարրեր, և դա մեզ համար շատ զարմանալի էր, որովհետև դրանից օրեր առաջ մենք ընդունել էինք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքը, և ենթադրում եմ, որ առաջին հերթին իշխանությունը, որպես էլիտա, պետք է իր վարքագծով, իր բառաֆոնդով և ձևակերպումներով ինքը դուրս մղի այդ լեզվամտածողությունը հասարակության շերտերից: Երկրորդը, ինձ համար զարմանալի էր նաև հետևյալը. երկար տարիներ պարոն Փաշինյանը, լինելով ընդդիմության շարքերում, այսօր ընդդիմությանն ասում է՝ դուք մի խոսեք քաղաքական կրեդիտից, դուք խոսեք տանձից, խնձորից… Եվ երրորդը, պարոն Փաշինյանը, լինելով իշխանության մի ճյուղի ղեկավար, որոշում է, թե, օրինակ, օրենսդիր մարմնում խորհրդարանական խմբակցությունը պետք է խոսի սրանից կամ նրանից: Ի՞նքն է որոշում, թե մենք ինչից պետք է խոսենք: Ես այս տոնայնության մեջ տեսնում եմ ամբարտավանություն՝ ընդդիմության նկատմամբ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը չի կարծում, որ Փաշինյանի՝ «տեղը չբերել» արտահայտությունը քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում: Ի պատասխան ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե որն է «հետհեղափոխական Հայաստանին հարիր» ընդդիմության սահմանումը, ասում է.

«Կառավարող ուժը չի կարող լինել ժողովրդավար, եթե չկա ընդդիմություն: Այս երկուսը ինչքան էլ իրար հակոտնյա բաներ ասեն, միմյանց հետ մրցեն, քաղաքական բանավեճի մեջ լինեն, մեկն առանց մյուսի, այսինքն, ժողովրդավար կառավարող ուժն առանց ընդդիմության գոյություն ունենալ չի կարող: Տարաձայնություններ ունենալը նորմալ է, ռեֆորմների շրջանակներում քննադատել, եթե համամիտ ես, պահանջել ավելին, սա ընդունված, նորմալ ձևաչափ է ընդդիմության և կառավարող ուժի հարաբերություններում: Ընդունելի չէ, երբ մեզ հետ խոսում են այն ընդդիմադիր տոնով, որով մենք խոսում էինք նախկինում՝ ռեժիմի հետ: Որովհետև, եթե այդպես ես խոսում, քո հետագա քայլերը, այդ ընդդիմության դիմադրությունն ու մրցակցությունը պետք է տրամաբանական շարունակություն ունենան: Եթե մենք ավտորիտարիզմի շեմին ենք կանգնած, ապա պետք է հայտ ներկայացնեք՝ շատ կոպիտ միջոցներով մեր դեմ պայքարելու և կրկին հեղափոխություն անելու, եթե բանը դրան է հասել: Եթե չի հասել, ապա մեզ հետ մի խոսեք, ինչպես Շմայսի հետ մենք էինք խոսում»:

Բանավեճն ամբողջությամբ՝ ստորեւ:

 

 

Back to top button
Close