ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Որոշվում է հեղափոխության ճակատագիրը. վաղն ասելու են՝ էդ չէ՞ր ձեր դեմոկրատիան, տեսա՞ք, որ ոչ մի բանի համար մենք մեղավոր չէինք». Լեւոն Զուրաբյան

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման հյուրն է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ոստիկանական գործողություններին, երբ բերման ենթարկվեցին իշխանությանը քննադատող խմբի մի քանի անդամներ, նշեց, որ անհեթեթ է համարում ոստիկանության պահվածքը: Նա հորդորեց էժան քարոզչական հնարքներից ձերբազատվել, քանի որ համարում է, որ դրանք անլրջացնում են երկրի ղեկավարի կերպարը:

«Պետք է ուղղակի իշխանությունը հասկանա, որ «ֆեյսբուքյան կրքերից» պետք է ազատի նաև մեր ժողովրդին: Երբ որ կառավարման ընթացքում երկրի ղեկավարը հասել է բավականին լուրջ արդյունքների, կարելի է շատ ավելի հանգիստ, մեծահոգի և լուրջ կեցվածք ունենալ»:

Լևոն Զուրաբյանը կարևորում է համակարգային փոփոխությունները: Ասում է՝ քաղաքական կամքի վրա հիմնված թալանի դադարեցումը նույն քաղաքական կամքով մի օր կարող է նորից վերականգնվել: Նա կարծում է, որ սահմանադրության փոփոխությամբ պետք է վերանայել կառավարման ձևը և անցնել կիսանախագահական համակարգի: «Հեղափոխությունը ժողովրդին պարտք է նաև կիսանախագահական համակարգի վերադարձը»,- ասում է ՀԱԿ փոխնախագահը:

«Լավ չէ, որ Փաշինյանը ձգտում է մի այնպիսի համակարգի (անտեսելով, որ շատ կարևոր է կառավարման մոդելի կայունությունը պահպանելը /Լ. Զ.), որտեղ իշխանությունը լիովին կենտրոնացած կլինի մի մարդու ձեռքում: Բազմաթիվ հարցերի պատասխաններ չեն տրվում: Իսկ կայունությունը մենք ո՞նց ենք վերականգնելու: Հիմա իշխանությունը նույն բանն է անելու՝ փոխելու է խաղի կանոնները: Սահմանադրությունն այլ բան չէ, դա խաղի կանոններ են, իշխանության համար պայքարի, իշխանության ձևավորման խաղի կանոններ: Եթե դուք խաղի կանոնները րոպեն մեկ փոխում եք, եթե դուք փոխում եք ձեր քաղաքական նպատակների համար, ձեր իշխանության հարցերը լուծելու համար, դա խաղ է սահմանադրության հետ»:

Անդրադառնալով հեղաշրջման մասին հայտարարություններին, Լեւոն Զուրաբյանը նշում է.

«Ես ոչ թե հեղաշրջումից, կամ ռեւանշից եմ անհանգստացած, այլ ավելի շատ անհանգստացած եմ հեղափոխական ժողովրդավարական այս գործընթացների վարկաբեկումից: Որովհետեւ եթե սա ձախողվի, ապագայում ինչ-որ մեկը, ով ասես կարող է լինի, գա ասի՝ էդ չէ՞ր ձեր դեմոկրատիան: Հիշու՞մ եք…Եւ ասոցացվելու են դեմոկրատիան, ազնվությունը, կոռուպցիայի դեմ պայքարը այս անլուրջ քաշքշուկների հետ: Այ դա կարող է շատ ծանր եւ մնայուն էֆեկտ ունենալ: Եւ մեր բոլորի պարտք է՝ եւ՛ քաղաքական ուժերի, եւ՛ քաղաքացիների, փրկել ժողովրդավարական իդեալները, հեղափոխության արժեքները»:

Back to top button
Close