ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«ԱԱԾ-ն աջակցել է հեղափոխությանը. ի՞նչ ասելիք ունի Արթուր Վանեցյանը, թո՛ղ ասի, ոչի՛նչ չի կարող ստվերել հեղափոխությանը». Հովսեփ Խուրշուդյան

«Այս անլրջությունն արդեն լրջանում է: Արդեն ստվերվում են առանցքային խնդիրները: Այն, որ Սահմանադրական դատարանն ամբողջ կազմով պետք է փոխվի, մենք միշտ ենք խոսել, հեղափոխությունից անմիջապես հետո, երբ որ կար այդ հնարավորությունը: Այն ժամանակ, երբ որ Ազգային ժողովն ամբողջությամբ անցավ նոր ուժերի վերահսկողության տակ, այդ ժամանակ էլ էինք ասում: Մենք նախընտրում և առաջարկում էինք սահմանադրական բարեփոխումների ճանապարհը»,- նշում է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում:

Հեղափոխությունից շուրջ երկու տարի անց է իշխող ուժը ձեռնամուխ լինում սահմանադրական փոփոխությունների գործընթացին:

Իշխանությունների գերկենտրոնացվածության վերաբաշխում կլինի՞, թե՞ ոչ: Հաշվի առնելով արդեն նախապես հնչած կարծիքները՝ իշխանությունները չե՞ն պատրաստվում զգալի փոփոխություններ իրականացնել և կրճատել վարչապետի լիազորությունները:

«Տեսնենք, թե նաև հասարակական ճնշման տակ ինչ հնարավոր կլինի անել: Այլ ոչ թե ստացվի հետևյալը, որ ամբողջ սահմանադրությունը փոխվի զուտ սահմանադրական դատարանի փոփոխության համար: Դա էլ մի բան չէ: Մի անլրջություն էլ դա է»:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ տեղի ունեցող պրոցեսներին, Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ դիսկուրսը նենգափոխվեց, և առանցքային մեղադրանքները, որոնք ունի նաև հասարակությունը՝ կապված Հրայր Թովմասյանի գործունեության հետ, տեղափոխվեցին ամենևին ոչ իրավական կամ քաղաքական հարթություն: Անձնական, էմոցիոնալ հարթության վրա ներկայացվեց գրիչի և կամ քծնելու պատմությունը:

«Վարչապետը, լինելով էմոցիոնալ մարդ, ինչ-որ պահի տրվեց էմոցիաներին և սխալվեց: Բայց ես չեմ ընդունում նաև, որ հնարավոր չէ շտկել իրավիճակը: Պետք է ավելի սառը մոտեցում ցուցաբերել և փոխել դիսկուրսը հիմնական ուղենիշների վրա: Այս համատեքստում նաև պետք է հստակեցվի, թե ինչ տեղեկություններ ունեն իշխանությունները սաբոտաժի և հնարավոր հեղաշրջման վերաբերյալ»:

Back to top button
Close