Նորություններ

«Հրայր Թովմասյանը հիմա մի խաչմերուկում է կանգնած, որտեղից չի կարողանում ընտրություն կատարել՝ ճիշտ ճանապարհը գտնելու համար». Հ. Խառատյան

«Նիկոլ Փաշինյան – Հրայր Թովմասյան բանավեճերը, իհարկե, անհատական չեն, սա ինստիտուցիոնալ խնդիր է: Կարծում եմ, որ խնդիրը կայանում է նրանում, որ նոր իշխանությունները ռեալ լուծում չգտան իրավական դաշտը կարգավորելու. գործող իրավունքի և գործող պրակտիկայի միջև շարունակում է լինել մեծ խզում, և կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի հետ հարաբերությունները կարող էին այլ հարթությամբ գնալ, եթե ՍԴ-ն իր մեջ ուժ գտներ ընդունելու, որ տևական ժամանակ այդ դատարանն առաջնորդվել է ոչ թե իրավունքով, այլ քաղաքական պատվերով: Պետք է ՍԴ-ն ուժ և միջոց գտներ վերակառուցելու իր նախորդ կյանքի պրակտիկան: Կարծում եմ, որ հենց այդ շրջանից էլ սկսվել է հարաբերությունների այս ձևը:

ՍԴ դատավորները փորձում են մինչև հիմա էլ համոզել հասարակությանը, թե Սահմանադրական դատարանն իրավունքով է առաջնորդվել տարբեր տեսակի ընտրակեղծարարությունների և բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին կամ քաղաքական ուժը հարկադրված է եղել դիմել մինչև ՍԴ, և ընդհանուր առմամբ, այստեղից իրավական գործողություններ չեն տեսել, ընդամենը տեսել են քաղաքական կամքի ընթացք:

ՍԴ այսօրվա կազմը, որը հիմնականում հենց այդ շրջանի «պրոդուկտն է» կամ այդ արժեքների կրողը, մինչև այսօր չի կարողանում իր մեջ ուժ գտնել ընդունելու այդ իրողությունը: Իրողություն, որը կարծում եմ հասարակությանը հայտնի է թե՛ կոնկրետ օրինակներով, թե՛ ընդհանուր հարաբերությունների մեկնաբանություններով:

Հրանուշ Խառատյան

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի ճգնաժամին, հետհեղափոխական Հայաստանի դատական համակարգերի բացերին:

Ըստ Խառատյանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը շատ է ծանրացնում Հայաստանի ներքաղաքական դրությունը: «Իշխանությունը փնտրում է լուծումներ, և ես կարծում եմ, որ այդ լուծումները միշտ չէ, որ վստահելի են իրենց ակունքներում՝ իրավունքի իմաստով: Սա լրացուցիչ ծանրացնում է թե՛ ՍԴ – վարչապետ – կառավարություն հարաբերությունները և թե՛ երկրի ընդհանուր քաղաքական մթնոլորտը»,- հայտարարեց ազգագրագետը:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ՍԴ ճգնաժամը հաղթահարելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու ինչ հնարավոր ելքեր է պատկերացնում, և այս պարագայում Հրայր Թովմասյանի հրաժարականով ինչ-որ բան կփոխվի՞, Խառատյանը պատասխանեց. «Եթե Հրայր Թովմասյանն ինքը քայլ աներ նոր իշխանության հետ հարաբերություններ հաստատելու, եթե մասնակցեր հարցերի իրավական-քաղաքական քննարկմանը, այս վիճակին չէր հասնի: Մյուս կողմից՝ ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը և ՍԴ որոշ դատավորներ շարունակում են մնալ ուղղակի ճնշման տակ ՀՀԿ-ի՝ և՛ որպես կուսակցության, և՛ որպես իրենց նախորդ վերադասների: Հրայր Թովմասյանը հիմա մի խաչմերուկում է կանգնած, որտեղից չի կարողանում ընտրություն կատարել՝ ճիշտ ճանապարհը գտնելու համար: Ճանապարհները կարող էին լինել մի քանիսը՝ ռեալ համագործակցություն առկա իշխանությունների հետ և երկիրը իսկապես իրավական դաշտ բերելու փորձ, անցյալի ոչ մի ծանրաբեռնող հանգամանք չընդունել և, վերջապես, հրաժարականը: Ես այս 3 լուծումներն եմ տեսնում:

Հրանուշ Խառատյանն ընդգծում է, որ Հայաստանում իրար հաջորդող իրադարձություններն ու դրանից բխող զարգացումները քաղաքական ներքին կյանքի հետ կարող են կապ ունենալ, բայց չի էլ բացառվում, որ դրանք կարող են տարբեր կապեր լինել:

Ազգագրագետի կարծիքով՝ դատաիրավական համակարգում ամենամեծ բացը ունենք: «Դատաիրավական համակարգը կամ իներցիայով, կամ համոզմունքով, կամ իմացությամբ, կամ ճնշմամբ, կամ կամազրկությամբ և այլ պատճառներով շարունակում է մնալ կախյալ՝ մի դեպքում անցյալի քաղաքական կամքից, մյուս կողմից նաև ներկայիս քաղաքական կամքից և դատավորների անձնական նեղ շահագրգռվածությունից»,- եզրափակեց Խառատյանը:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button