Նորություններ

«Էսօր մտածում էի՝ մի օր մնաց, որ երեխուս սպանեն․ միշտ հիշում ես, որ էդ գիշերը գալու ա ու լինելու ա սպանությունը»

«Հայոց բանակի օրվա գիշերն իմ որդու արյունն ա թափվել․․․»

Այսօր՝ Հայոց բանակի կազմավորման օրը լրանում է կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության 5-րդ տարին։ 2015 թվականի հենց հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանվեց 19-ամյա Բարսեղյանը: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվեց ֆիզհրապարակի պտտաձողից կախված:

Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք առաջադրեց Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից:

Որդու մահից 5՝ տարի անց Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, նշում է՝ ապրում են, բայց կիսատ՝ մի աչքը լացում է, մյուսը՝ ծիծաղում․

«Էս ամիսը, որ գալիս ա, օրերն եմ սկսում հաշվել։ Էսօր մտածում էի՝ մի օր մնաց, որ երեխուս սպանեն։ Էդ մտավախությունը հա կա մեջս, միշտ հիշում ես, որ էդ գիշերը հեսա գալու ա ու լինելու ա սպանությունը։ Ցավ ա, որ էս տոնական հաղթական օրով, երբ մարդիկ տոն են նշում, մենք էդ օրը սգում ենք։ Հայոց բանակի օրվա գիշերն իմ որդու արյունը թափվեց․․․»,- Forrights-ի հետ զրույցում տխուր տրամադրությունը կիսեց Արկադի Բարսեղյանը։

 «Ինձ ասում էին՝ եթե տղաս խոստովանի, գիտե՞ք իր հետ ոնց կվարվեն բերդում»

Անցնող 5 տարիների ընթացքում 4 մեղադրյալներից և ոչ ոքի ծնողները կամ հարազատները չեն այցելել Բարսեղյաններին։ Միայն մեկ անգամ Արկադին, հաշվի առնելով մեղադրյալներից Նորիկ Սահակյանի դրական բնութագիրը, սեփական նախաձեռնությամբ հանդիպեց Սահակյանների հետ։ Ըստ Արկադիի, այդ ժամանակ Նորիկի մայրն «ինքնախոստովանություն է արել»․

«Նորիկի մայրն ասեց՝ եթե տղաս խոստովանի, գիտե՞ք իր հետ ոնց կվարվեն բերդում, մանավանդ, որ իմանան «միլիցու» տղա ա։ Եթե էս ինքնախոստովանություն չէր, բա էլ ի՞նչ էր։ Էսքանն ասեց, բայց վերջում էլի իրենը պնդեց, թե՝ իմ տղան անմեղ ա։ Լավ, բոլորն ամեղ են, բա իմ տղուն ո՞վ սպանեց։ Ես իրենց էդքան ասում եմ, եթե վերադաս մարմիններից մեկն ա կատարել սպանությունը, բայց ձեր վրա ա գցում՝ ասեք․․․ես չեմ ուզում անմեղ մարդկանց կյանքը խորտակեմ»,- նշեց կուրսանտի հայրը։

Գործով անցնող 30 վկաները գրեթե միաբերան ասում էին․ «Վախենում էինքոր մենք էլ այդ ճակատագրին կարժանանանք»

2015թ․ նոյեմբերից սկսվեց Հայկազ Բարսեղյանի կամ առավել հայտնի «Կուրսանտի գործով» դատավարությունը։ Քրեական գործն ի սկզբանե հարուցվել է ոչ թե ինքնասպանության, այլ սպանության հոդվածով, և քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Վերջինս ինստիտուտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ Զարմիկ Մարկոսյաի որդին է: Սպանության  դեպքից հետո Զարմիկ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է: Նրա նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել՝ ինստիտուտում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար:

Գործով անցնող 30 վկաներ իրենց նախաքննական ցուցմունքներում գրեթե նույնությամբ պատմել են, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Սական վկաներից շատերը դատարանում՝ ամբաստանվող անձանց ներկայությամբ, հրաժարվեցին ցուցմունք տալ։ Վկաներն այն կուրսանտներն են, որոնք սպանության գիշերը եղել են դեպքի վայրում՝ 408 ննջասենյակում։ Նրանք բոլորը պատմում էին, որ Գնելը, Նորիկը, Վաչեն և Մովսեսը դաժանությամբ ծեծել են Հայկազին, ապա կտրել երակները, ինչից հետո վախեցել իրենց արածից և որոշել սպանությունը քողարկել ինքնասպանությամբ։

«Ասում էին՝ գցենք 2-րդ հարկից։ Հետո փոշմանեցին ու որոշեցին իջեցնել ֆիզհրապարակ ու կախել։ Հայկազին քարշ տալով տարան ննջասենյակից։ Երևի արդեն չէր շնչում, քանի որ չէր շարժվում»,- նշում էին վկաները։

Դատավարական կողմերի այն հարցին, թե ինչո՞ւ վկաներից և ոչ ոք չի խոսել և փորձել օգնել Հայկազին, 30 վկաները գրեթե միաբերան ասում էին՝ վախենում էինք, որ մենք էլ այդ ճակատագրին կարժանանանք։

Ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքը, ասում են՝ իրենց գլխին սարքել են

Երևան քաղաքի ընդհանուր իրավասություն դատարանի Ավանի նստավայրում՝ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննվող նիստերը պարբերաբար հետաձգվում են։  Դատական նիստերը դատաքննության 4 տարիների ընթացքում պարբերաբար հետաձգվում են, նույնաբովանդակ միջնորդություններ ներկայացվում դատարանին, կրկին հետազոտության ներկայացվում արդեն իսկ ուսումնասիրված առարկաները։

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսից մինչ օրս դատական նիստ չի գումարվել, ինչը վրդովեցնում է մեղադրանքի կողմին։ Արկադի Բարսեղյանն այստեղ միտում է տեսնում․ դատաքննությունը ձգում են, որ տղաներն ավելի երկար ժամանակ անցկացնեն կալանավայրում։

Գործով 4 ամբաստանյալներից և ոչ ոք չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, շեշտելով, որ «գործը սարքում են իրենց գլխին» և իրենք լիովին անմեղ են: Ամբաստանյալներից Նորիկ Սահակյանն էլ ընդհանրապես հրաժարվել է հարցաքննությունից: Մեղադրյալները հայտարարել են, որ Ռազմական ոստիկանությունում իրենց խոշտանգել են և ստիպել ընդունել չկատարած հանցանքը։ Գործն այս պահին Հատուկ քննչական ծառայությունում է, գործով չկան մեղադրյալներ և կասկածյալներ, նախաքննությունը շարունակվում է։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը նիստերի պարբերաբար հետաձգումը կապում է նաև ՀՔԾ-ի՝ դեռևս չկայացված որոշման հետ։ Ըստ փաստաբանի, հնարավոր է դատարանը սպասում է, թե արդյոք կապացուցվի տղաների խոշտանգման հանգամանքը։

Չնայած այս հանգամանքներին, տուժող կողմը հայտարարում է՝ դատարանից պահանջելու է ամենախիստ պատիժը․

«Ցմահ պետք է դատել դրանց, որ ուրիշների համար դաս լինի»,- ասաց Արկադի Բարսեղյանը։

Նկատենք, որ Datalex.am դատական տեղեկատվական համակարգում դատական նիստերի օրերն այլևս չեն էլ թարմացվում։ Վերջին թարմացումը կայքում եղել է ապրիլի 15-ին։

«էդ ո՞վ պետք ա աղմուկ բարձրացնի, ո՞վ իմ ցավի հետ կռիվ կտա»

Արկադի Բարսեղյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել էր որդուն՝ 1000-դրամների հիմնադրամում շահառու չընդգրկելու հարցը։ Շեշտում է՝ խնդիրը գումարը չէ, այլ՝ վերաբերմունքը․

«Դավիթ Տոնոյանն ինձ ասաց՝ մեծ աղմուկ կբարձրանա։ Ես էլ հարցրի՝ էդ ո՞վ պետք ա աղմուկ բարձրացնի, ո՞վ իմ ցավի հետ կռիվ կտա, մյուսների արյունն աններելի է, իմ զոհինը՝ ո՞չ։ Սա արդարությւոն չէր, որը մենք ստացանք»։

Ռոզա Վարդանյան

forrights.am

Back to top button
Close