Նորություններ

«Մենք ագրեսոր չենք եղել և չենք էլ լինելու, բայց եթե հակառակորդը դիմի սրացված քայլերի, ապա մենք պատերազմական գործողությունները տեղափոխելու ենք նրա տարածքների խորքը»

«Արցախի ՊԲ-ի բարոյահոգեբանական և մարտական պատրաստվածության բարձր մակարդակի փաստացի արտացոլումը մինչ օրս տարածաշրջանում տիրող խաղաղությունն է: Եթե մեր բանակը մարտունակ չլիներ, թշնամին վաղուց մեզ հոշոտած կլիներ»: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով զինվորների բարոյահոգեբանական վիճակին, պատրաստվածությանն ու բանակի մարտունակությանը:

Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հնարավոր բոլոր աշխատանքները տարվում են զինվորների մարտական ոգին բարձր պահելու համար.

«Մենք պետք է հակառակորդին դիմակայենք մեր մարտունակության աստիճանն անընդհատ բարձրացնելով, միասնականությունն ամրապնդելով և ռազմական դաշնակիցների հետ հարաբերություններն է՛լ ավելի խորացնելով: Այս քայլերը կլինեն մեր հաղթանակների և հաջողությունների հիմքը: Սակայն եղածը չպետք է ընդունենք իբրև վերջնակետ, այլ պետք է փորձենք անընդհատ կատարելագործվել»:

Դավիթ Բաբայան

«Բանակի ռազմավարության հիմքը կազմում է ակտիվ պաշտպանությունը: Մենք երբևիցե ագրեսոր չենք եղել և չենք էլ լինելու, բայց եթե մեզ սպառնան լուրջ վտանգներ, և հակառակորդը դիմի սրացված քայլերի, ապա մենք պատերազմական գործողությունները տեղափոխելու ենք նրա տարածքների խորքն ու պարտադրելու ենք խաղաղություն հաստատել: Սա ակտիվ պաշտպանության ռազմավարությունն է, և վերջերս ձեռք բերված նոր զինատեսակներն էլ մեզ թույլ են տալիս իրագործել այդ պաշտպանությունը»,- հավելեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ սահմանին իրավիճակը բարելավվել է ոչ այն պատճառով, որ Ադրբեջանը վերանայել է իր մոտեցումները, այլ նրա համար, որ նոր որակ է հաղորդվել սահմանի պաշտպանությանը, սակայն հակառակորդը իր ցանկությունները, այնուամենայնիվ, չի փոխել.

«Ցանկացած պատերազմ տալիս է իր դասերը: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց նոր պատերազմի տեսլականը, որակը: Այն արմատապես տարբերվում էր Արցախյան պատերազմից: Քառօրյա պատերազմի ժամանակ ավելի շատ հրետանու արկ է օգտագործվել, քան Արցախյան պատերազմի ընթացքում: Թշնամին իր առջև նպատակ չէր դրել մեկ-երկու բարձունք իր վերահսկողության տակ վերցնելու. նրա նպատակը սրընթաց պատերազմի միջոցով արցախյան պետականության կործանումն ու դեպի Նախիջևան ցամաքային սահմանի բացումն էր, ինչը կատարելապես ձախողվեց: Մենք տեսանք, որ օգտագործվեցին տեխնիկական առաջատար միջոցներ, տեղեկատվական դաշտը նույնպես նոր որակ ստացավ: Այս ամենը ցույց է տալիս նոր միտումներն ու զարգացումները: Մենք մեծ դասեր ենք քաղել այս պատերազմներից, հակառակ դեպքում դիմակայել չենք կարողանա»:

Անդրադառնալով հայկական նոր զինտեխնիկայի արտադրության աշխատանքներին՝ Դավիթ Բաբայանը նշեց՝ անհրաժեշտ է ամեն հնարավոր բան անել, որ այս գործընթացները հաջողությամբ պսակվեն.

«Մենք, իհարկե, ոչ բոլոր ուղղություններով կարող ենք լինել ինքնաբավ, սակայն պետք է ձգտել նոր որակ հաղորդելու այդ ամենին, որպեսզի ունենանք նաև մեր սեփական զենքի արտադրությունն ու ընդլայնենք այդ տեսականին»:

Դավիթ Բաբայանը հավաստիացրեց, որ այժմ մենք ունենք լավ սպառազինված բանակ, հակառակ դեպքում վաղուց չէր լինի ո՛չ Արցախը, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետությունը:

Back to top button
Close