Նորություններ

Կորոնովիրուսը շարունակում է տարածվել. Վրաստանի օդանավակայաններում եւս հետազոտություններ կանցկացվեն

Չինաստանում կորոնովիրուսով հիվանդության հետևանքով մինչև 41 մահ է արձանագրվել:

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, կորոնովիրուսի հետ կապված Վրաստանի օդանավակայաններում ուղևորներին կհետազոտեն: Ուղևորների հետազոտությունը կիրականանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությամբ:

BBC-ն գրում է, որ Չինաստանում վիրուսը հաստատվել է 1200 մարդու դեպքում: Այն տարածվել է Եվրոպայում, Ամերիկայում և Ավստրալիայում: CoV անվամբ վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի Ուխան քաղաքում, 2019-ի դեկտեմբերի վերջին։ Աշխարհի որոշ երկրների օդանավակայաններում Ուխան քաղաքից ժամանած զբոսաշրջիկներին հետազոտում են, իսկ որոշ քաղաքներից Ուխանի ուղղությամբ չվերթներն արգելվել են:

Սոցիալական ցանցերում շարունակվում են տարածվել տեսանյութեր, որտեղ քաղաքացիները փողոցի կենտրոնում կորցնում են գիտակցությունը, շտապ օգնության աշխատակիցները փորձում են նրանց բուժօգնություն ցուցաբերել:

Ալիք Մեդիայի հետ զրույցում Չինաստանում բնակվող օտարերկրացիներից մեկն ասում է.

«Բոլորիս բացատրել են՝ պետք է կրել բժշկական դիմակներ, նույնիսկ նշել են, թե կոնկրետ որ արտադրողի բժշկական դիմակներն է պետք ձեռք բերել: Այստեղ խոսակցություն է շրջանառվում, որ վիրուսի հետ կապված աղմուկը հիմնականում բարձրացել է օտարերկրացիների՝ Չինաստանը լքելու նպատակով: Օտարերկրացիներն այստեղ տեղեկատվության աղբյուր են, իսկ Չինաստանի կոմունիստական կուսակցությանը ձեռնտու չէ տեղեկատվությունը երկրից դուրս բերելը»:

Չինաստանի անգլալեզու մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ վիրուսը տարածվել է չղջիկներից, հիմնականում չղջիկների ապուրով սնվելու հետևանքով:

Ըստ Չինաստանում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիայի, այս պահին վիրուսի էպիկենտրոնում կան Վրաստանի քաղաքացիներ, սակայն անվտանգ տարածքում են, մնացածը տեղափոխվել են Չինաստանի այլ քաղաքներ: Վարակվածների շարքում չկան Վրաստանի քաղաքացիներ։

aliq.ge

Back to top button
Close