Նորություններ

«Կարևոր է, որ հանձնաժողովը հետագայում չքաղաքականացվի, այդ դեպքում հնարավոր կլինի շտկել Ապրիլյան պատերազմի սխալներն ու բացթողումները»

«Ես դժվարանում եմ ասել, թե նոր սպառազինության ձեռքբերումով ինչ խնդիրներ կլուծվեն, բայց մի բանում վստահ եմ՝ հայրենիքի սահմանների պաշտպանության ամրությունն առաջին հերթին կախված է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակից»:  ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական վերլուծաբան, փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով բանակի մարտունակությանն ու նոր, արդիականացված զինատեսակների ձեռքբերմանը։

Հարցին՝ փակվա՞ծ է արդյոք 80-ականների զենքերի էջը, Հայկ Նահապետյանը պատասխանեց․«Աշխարհի շատ երկրներում 80-ականների զենքերը դեռևս կիրառելի են և իրենց բարձր որակն առ այսօր պահպանում են։ Այնպես չէ, որ ամեն տարի նոր զենք են արտադրում և ասում՝ այն նոր է և առավել լավը, քան 80-ականներինը։ Ես համաձայն չեմ, որ 80-ականների զենքերն այսօր առ ոչինչ են»:

Հայկ Նահապետյան

«Բանակում տեղի ունեցող դեպքերը, պատահարները, սպանություններն ու ինքնասպանություններն են այն չափորոշիչները, որոնցով կարող ենք հասկանալ, թե որքանով է զինվորի համար հայրենիքի պաշտպանությունն ամենաբարձր մոտիվացիան»,-նշեց փորձագետը:

Հայկ Նահապետյանի կարծիքով՝  երբ Ադրբեջանը բացարձակ առումով գնահատի իր առավելությունը Հայաստանի նկատմամբ, ապա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ պահին կիրականացնի ռազմական գործողություններ ՝ վերադարձնելու համար, ըստ իրենց,  Հայաստանի կողմից գրավված տարածքները․

«Նման փորձ արվեց 2016 թվականին։ Ադրբեջանը ևս սպառազեն էր, ուներ առավելություններ և՛ զինատեսակների, և՛ դրանց քանակի առումով, բայց այն մարտական խնդիրը, որը դրված էր տվյալ ստորաբաժանումների առջև, Ադրբեջանը չկարողացավ կատարել։ Իսկ երբ Ադրբեջանը ռազմական առումով չի կարողանում հետ բերել իր կորցրածը, սկսում է գնալ ինքնագովազդի։ Ուստի, եթե նրանք վստահ լինեին իրենց ռազմական առավելության վրա, կարծում եմ հարմար աշխարհաքաղաքական իրադրության ժամանակ կդիմեին համապատասխան գործողությունների, իսկ դրանց զսպիչ պատճառներն Արցախի պաշտպանության բանակն ու ՀՀ  սահմաններին կանգած ստորաբաժանումներն են»:

«Քառօրյա պատերազմից հետո, երբ ՀՀ զինված ուժերի մի շարք բարձրաստիճան այրեր պաշտոնանկ արվեցին, ԱԺ-ում ստեղծվեց հանձնաժողով, որի քննության առարկան դարձան Ապրիլյան պատերազմի ժամանակ եղած բացթողումներն ու թերացումները։ Շատ կարևոր է, որ հանձնաժողովի անդամներն իսկապես լինեն գիտակ և կարողանան գնահատել ռազմական գործողությունները, և որ ամենակարևորն է՝ այդ հանձնաժողովը հետագայում չքաղաքականացվի, այսինքն՝ քննության ժամանակ չլինեն քաղաքական շեշտադրումներ և ենթատեքստեր։ Կարծում եմ՝ եթե այս կերպ լինի, ապա հանձնաժողովի աշխատանքը մեծ արդյունավետություն կունենա և կկարողանա շտկել Ապրիլյան պատերազմի սխալներն ու բացթողումները»,- հավելեց փորձագետը։

Անդրադառնալով Հայաստանում զինտեխնիկայի արտադրության աշխատանքներին՝ Հայկ Նահապետյանը նշեց, որ ցանկացած երկրի տնտեսության հզորության առաջին աստիճանը տվյալ երկրի ռազմաարդյունաբերական համալիրն է․ «Ես ողջունում եմ այն բոլոր քայլերը, որոնք ուղղված են լինելու ՀՀ և Արցախի ռազմաարդյունաբերական համալիրի որակական զարգացմանը։ Այդ աշխատանքներն ուղղակիորեն կնպաստեն նաև մեր երկրի տնտեսական առաջխաղացմանը»:

Back to top button
Close