Նորություններ

Սոցիալական աջակցության տարածքային բաժնի մասնագետը իր հոր մահվան մեջ մեղադրում է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Մարինե Մ.-ի դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Նոր-Նորքի բաժին հայտնել է, որ 2019թ. դեկտեմբերի 12-ին, իր հայրիկը՝ 83-ամյա Սրապ Մ.-ն, «կոմատոզ» վիճակում տեղափոխվել և ստացիոնար բուժման է ընդունվել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ միացվել է կոկորդային շնչառական սարքավորում:Մարինե Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 15-ին այցելելով հիվանդանոց, նկատել է, որ նշված սարքավորման խողովակը հաճախակի դուրս է գալիս նախատեսված հատվածից, ինչի մասին ինքը տեղեկացրելէ բուժանձնակազմին, սակայն այն չի փոխվել և թերությունը չի վերացվել:

Հաջորդ օրը կրկին այցելելով հորը, հայտնաբերել է, որ նույն խողովակը գտնվում է դուրս եկած վիճակում և հայրը չի ունեցել սրտի բաբախներ և իր կողմից այդ մասին չբարձրաձայնելու արդյունքում հնարավոր էր, հայրը մահանար:

Գ. Շամշյանի տեղեկություններով, հունվարի 23-ին նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Սրապ Մ.-ն առավոտյան հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Մարինեն Մ.-ն աշխատում է Երևանի վարչական շրջաններից մեկի սոցիալական աջակցության տարածքային բաժնում և ըստ նրա, հայրը մահացել է բժիշկների անփութության պատճառով:

SHAMSHYAN.com-ը պատրաստ է թեմայի վերաբերյալ ներկայացնել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տեսակետը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close