Նորություններ

Արայիկ Հարությունյանը Գյումրում էր. ՇՊՀ ճակատագրի, ծանոթ-բարեկամների պաշտոնների տեղավորելու եւ ձգձգվող քրեական գործերի մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Շիրակի պետական համալսարանում էր՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով:

Օրենքի հետ կապված սա առաջին քննարկումն էր: «Սկսում ենք հյուսիսից, կավարտենք հարավում»,- հայտարարեց նախարարն՝ ընդգծելով, որ օրենքը շատ կարևոր նշանակություն ունի իրենց համար: Երկար են աշխատել նախագծի վրա: Ամփոփել են բոլոր առաջարկները, որոնք ստացել են բուհերից: Հարությունյանն ասաց՝ քննարկել են բուհերի ղեկավարների հետ, որովհետև ճիշտ ախտորոշումն անում են մարդիկ, ովքեր ներգրավված են համակարգում:

Նախարարն ասաց՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է մի շարք լուրջ փոփոխություններ, որոնց արդյունքում՝ բուհերի միջև մրցակցությունն է մեծանալու, ակադեմիական ազատության և ինքնավարության առավելություն են ստանում բուհերը, կառավարման խորհուրդներն ունենում են լայն լիազորություններ, բացառվում է քաղաքական պաշտոն ունեցողների ներգրավվածությունը կառավարման խորհուրդներում: Հեռակա ուսուցման փոխարեն ուսանողին հնարավորություն է ընձեռվում ուսումնառությունն ապահովել անհատական պլանով:

Շիրակի պետական համալսարանի ուսանող Գևորգ Ղուկասյանը պաստառ էր բերել իր հետ. պահանջում էին անցյալին տալ իրավական գնահատական…

«Այսօր ձեւավորված է մի իշխանություն, որն իրավական առումով լիարժեք գնահատական է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր օրենք են խախտել»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Ներկային իրավական, քաղաքական գնահատական տալու առումով լրագրողներս հարցեր հղեցինք նախարարին: Նա, սակայն, բավականին լարված, լրագրողներին էր հորդորում պատասխանել այս կամ այն հարցին:

ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարին առնչվող քրեական գործ կա, որը քննվում է 7 ամիս շարունակ: Միևնույն ժամանակ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Երվանդ Սերոբյանը Արայիկ Հարությունյանի հովանավորյալներից մեկն է Շիրակի մարզում:

Այն, որ մտերիմ հարաբերություններ ունի մարզում ոմանց հետ, Արայիկ Հարությունյանը ժխտեց, ասաց՝ աշխատանքային են հարաբերությունները:

Այն, որ գործերը ձգձգվում են, կարող է տպավորություն ստեղծել, թե անպատժելիության մթնոլորտ կա: Հարությունյանը վստահեցրեց՝ դա այդպես չէ, ուղղակի համապատասխան մարմիններն են շատ զբաղված:

Հարցին, թե կան խոսակցություններ, համաձայն որոնց Արայիկ Հարությունյանի՝ շիրակիմարզյան թևն ակտիվորեն վերադասավորվում է, տեղավորվում տարբեր պաշտոնների, Արայիկ Հարությունյանն ակնարկեց, թե գերագնահատում են իր հնարավորությունները, թեև ուրախ կլիներ նման կարողություններ ունենալ:

Ինչպե՞ս բացառել, որ բուհերի ղեկավարներն իրենց հերթին ծանոթ-բարեկամների չտեղավորեն հաստատություններում: Իր մեղքի բաժինը չի տեսնում նախարարը: Բուհը ինքնավար մարմին է, հիշեցնում է նա:

Հիշեցնենք՝ որոշ ժամանակ առաջ Հարությունյանն իր մտահոգությունն էր հայտնել բուհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և նշել, որ եթե խնդիրները չհարթվեն, հարց կդնեն բուհի լուծարման: Այսօր այլ էր նրա տրամադրվածությունը:

Հիշեցնենք, որ երկու անգամ կայացավ համալսարանի ռեկտորի ընտություն, բայց ապարդյուն: Սա խնդրահարույց համարեց նախարարը, բայց լավատեսություն հայտնեց՝ ամեն ինչ կհանդարտվի:

 

Back to top button
Close