Նորություններ

«Այն, ինչ հայտարարվել է Արմեն Գրիգորյանի կողմից, կարծում եմ՝ շատ խորքային է». փաստաբանը՝ հեղաշրջման փորձի պնդումների մասին

«Բոլորիս էլ լուրեր հասնում է, որ հին ուժերն Արցախում, Մոսկվայում հանդիպում են, քննարկում են, և հաստատ ոչ լավ բանի համար, զգացվում է, որ ինչ-որ համախմբվածություն կա, ինչ-որ բան են ուզում փոխել հասարակության մեջ այսօրվա իրավիճակի առիթով: Ես կարծում եմ, որ շատ խելքին մոտ է, որ հեղաշրջման փորձ էլ լինի, դեռևս պահպանված լինի այդ հեղաշրջման մտադրությունը, և այն, ինչ հայտարարվել է Արմեն Գրիգորյանի կողմից, կարծում եմ՝ շատ խորքային է»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ երկրում հեղաշրջման փորձ է եղել:

Փաստաբանը, անդրադառնալով Գրիգորյանի այն տեղեկությանը, թե հեղաշրջման փորձի հետ կապված եղել են պաշտոնանկություններ, ընդգծեց. «Պաշտոնանկ արված պաշտոնյաներից շատերը հին ռեժիմից եկած էին և կարող է իրենց արմատները փոխած չլինեին, հասկանալի է, բայց որ մտադրված կարող էին գործողություններ անել, անհասկանալի է, առերևույթ թվում էր, որ երկուսն էլ ինչ-որ լավ բան ուզում են անել, բայց խորքային խնդիրներ կան, և այդ խնդիրներից առավել տեղյակ են բարձրաստիճան պաշտոնյաները»:

Փաստաբանն ընդգծում է, որ նման համարձակ հայտարարությունը եթե սխալ լինի, շատ վտանգավոր է. «Ցավալի է, որ նոր իրավիճակը չընդունվեց շատերի կողմից, և որ հեղափոխությունն ինքնին շատ լավ հեռանկարներ էր խոստանում ժողովրդին, և լավ կլիներ, որ մեր հասարակությունն իսկապես ապրեր հաշտ, հանգիստ և լավ իրականության մեջ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ երկրում հեղաշրջման փորձ է եղել: Գրիգորյանի պնդմամբ՝ բոլոր փորձերը կանխվել են, և որևէ վտանգ չկա։

Նա անուններ չի հրապարակել, բայց ընդգծել է, որ հեղաշրջման փորձ անողներից ոմանք պաշտոնանկ են արվել, և չի բացառել, որ առաջիկայում քրեական գործեր կհարուցվեն:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close