Նորություններ

«Նախկինում իրենց արածի համար բոլորը պետք է քննվեն, որպեսզի մեկը մյուսին չասի՝ այդ ինչպե՞ս է, որ իմ վերաբերյալ գործ է քննվում, քո վերաբերյալ՝ ոչ»

«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ՝ ՀՔԾ-ի տրամադրության տակ ինչ նյութեր կան, և չեմ կարող ենթադրություններ անել, թե հատկապես ինչ նպատակ է հետապնդել այդ խուզարկությունը. չեմ  կարծում, որ դրա  համար ՀՔԾ-ն բավարար հիմքեր չունենար ու նման քայլի  դիմեր: Իրավաչափ  եմ համարում այդ գործողությունները, եթե գործ է քննվում, ինչ տարբերություն՝ դա Հրայր Թովմասյանի գործն է, թե ուրիշի գործն է, և եթե  հիմքեր կան խուզարկություն կատարելու, ուրեմն պիտի կատարվեն: Պետք չէ ցավագին ընդունել հանգամանքը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությանը:

Նախկին ռեժիմի ներկայացուցիչները երբ հայտնվում են մեղադրյալի աթոռին, հայտարարում են, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում. ի՞նչ  հիմքով են նրանք նման որակում տալիս: Հարցին Սաֆարյանը պատասխանեց.

Սեդա Սաֆարյան

«Ամեն անգամ ստացվում է մի իրավիճակ, որ իրենք կապ չունեն Մարտի 1-ի, կեղծված ընտրությունների, ճգնաժամային վիճակների հետ, մինչդեռ եթե  կարողանային իրենք իրենց տեղում լինել,  այսօր հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահներն այս կարգի իրավիճակներ չէին ստեղծի, ընտրությունները մասսայաբար չէին կեղծվի: Հետևաբար, պետք չէ խոսել այն մասին, թե քաղբանտարկյալ են, քաղաքական հետապնդումների են ենթարկվում, պարզապես  մարդիկ պատրաստ չեն նախկինում իրենց արածի համար առերեսվելու նախաքննական մարմինների հետ, բայց դրանք բոլորը հանցանքի հատկանիշներ են պարունակում, և ես կարծում եմ, որ բոլորը պետք է քննվեն, որպեսզի մեկը մյուսին չասի՝ այդ ինչպե՞ս է, որ իմ վերաբերյալ գործ է քննվում, քո վերաբերյալ գործ չի քննվում, երբ դու ինձանից ավելին ես արել»:

Սեդա Սաֆարյանն ընդգծում է, որ այս առումով օրենքի առաջ բոլորն են հավասար: «Պիտի տարվի քննություն, և եթե կարող են արդարանալ, թող արդարանան, ի՞նչ խնդիր կա: Այսօր այնպիսին չէ այս գործերի թափանցիկությունը, որ որևէ մեկը կարողանա որևէ մեկին հենց այնպես, առանց առիթի և առանց հիմքի դատապարտել: Ես դա  վստահաբար եմ ասում, ես դա Մարտի 1-ի գործին ծանոթանալուց հետո եմ ասում: Այս առումով ես կարծում եմ, որ բոլորն ունեն մեկ ընդհանուր պայմանավորված դիրքորոշում, որ ում վերցնես հանցանքի կատարումը վկայող ապացույցների բավարարության տեսանկյունից, բոլորը նույնն են ասում՝ մեզ հետապնդում են, մենք քաղբանտարկյալ ենք»,- նշեց փաստաբանը:

Հարցին, թե Հրայր Թովմասյանը երեկ ճեպազրույցում հայտարարեց, որ բոլոր այս գործողություններն ուղղված են իր դեմ, այսինքն՝ իշխանությունը փորձում է ազատվել իրենից, ինչքանո՞վ դա կապ ունի իրականության հետ, Սեդա Սաֆարյանն արձագանքեց. «Չկա այդպիսի բան: Կա ժամանակահատված, որում առաջ է քաշվում անձանց, նրանց նախկինում արած արարքների հարց, ինչն իրենց դուր չի գալիս: Իսկ մենք չգիտե՞նք, որ նախկինում այնքան գործեր են կոծկված, կամ հակառակը, այնքան մարդիկ են անմեղ դատապարտվել, և իրականում պետք է արդարությունը վերականգնվի և հենց այդ գործերով պիտի շատերի կարգավիճակը փոխվի, եթե կան գործեր, որոնք պետք է բացահայտվեն: Ուրիշ հարց է՝ քննվելուց հետո ինչպիսին կլինեն պատիժները, ինչպիսի մեղմացումներ կլինեն, բայց մարդը պետք է հասկանա, որ անցյալում ինքը թույլ է տվել արարքներ, որոնց քրեաիրավական գնահատական տալը հրատապություն և անհրաժեշտություն է»:

 

 

                                                                                    Անահիտ Չալիկյան

Back to top button
Close