ՆորություններՏնտեսական

«Համայնքներում հողերի զգալի մասը չի մշակվում. պետությանը մեխանիզմ է պետք՝ խնդիրն արագ կարգավորելու համար»

«ՀՀ օրենքով ոչ ոք իրավունք չունի սեփականատիրոջից հետ վերցնել հողերը, բացառությամբ սեփականատիրոջ և վարձակալողի համաձայնության դեպքում: Մեր համայնքում բնակիչների մոտ 30%-ը հողերն ընդհանրապես չի մշակում, շատերն այժմ գտնվում են արտերկրում, այն դեպքում, երբ հողերի կեսը տրվել է վարձակալության, կեսը՝ ոչ: Սա լուրջ խնդիր է համայնքում, և կարծում եմ, որ պետությունը պետք է մշակի մեխանիզմ՝ խնդրին արագ կարգավորում տալու համար»:

Այս մասին այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանը:

Հարցին, թե միայն սեփականատերերի երկրից բացակայե՞լն է հանդիսացել հողերի չմշակման պատճառ, թե՞ կապված է եղել նաև ոռոգման ջրի բացակայության, շուկայի կամ վերամշակման հետ, Արշակյանը պատասխանեց.

«Փոքր ցանքատարածություններ կան, որոնք չեն ոռոգվել կամ բավարար հարմարություններ չեն ստեղծվել ոռոգելու համար: Այստեղ մարդկանց մոտեցումն է, որ գոնե իրենք ինչ-որ մեկին տրամադրեն հողը, որպեսզի բերրիությունը չկորցնի: Յուրաքանչյուր երկրում գյուղատնտեսությունն ինչ-որ տոկոսային հարաբերությամբ ֆինանսավորվում է կառավարության կողմից, բայց մեր կառավարությունում այդ մոտեցումը չկա, թե՛ ցորեն մշակողին, թե՛ կարտոֆիլ մշակողին աջակցություն չեն ցուցաբերում: Օրինակ, այս տարի գյուղացիները սերմացուների հետ կապված լուրջ խնդիրների առաջ են կանգնելու, որը, կարծում եմ, մեծ խնդիր է և պետք է հնարավորինս շուտ կարգավորում ստանա»:

Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի համայնքապետ Գևորգ Մարտիրոսյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի հանրապետության չմշակվող հողերը պետք է դառնան մշակովի, անգամ հողի սեփականատիրոջ՝ երկրից բացակայելու պարագայում, նշեց.

«Հողերի չմշակելը ճիշտ չէ, անկախ նրանից՝ սեփականատերը Հայաստանում է, թե ոչ: Սակավահող երկրում, ինչպիսին Հայաստանն է, ճոխություն կլինի հողերն անմշակ թողնելը»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչքան ժամանակ պետք է չօգտագործվի հողը, որպեսզի ըստ օրենքի հանձնվի մեկ ուրիշին, համայնքապետը պատասխանեց.

«Ըստ օրենքի՝ եթե հողը 3 տարի չի մշակվում, վարձավճար չի մուծվում, արդեն խնդիր է առաջանում սեփականատիրոջ հետ: Պետք է անպայման մշակվեն հողերը, որ հետագայում լուրջ խնդիրների առաջ չկանգնեն թե՛ պետությունը, թե՛ գյուղացիները»:

Մարտիրոսյանը նաև նշեց, որ կոնկրետ իրենց տարածաշրջանում խնդիր կա և՛ ոռոգման, և՛ հողերի կտրտվածության, և՛ բարձր թեքությունների վրա գտնվելու հետ կապված, որոնց մշակումը պարզապես արդյունավետ չէ:

Համայնքապետը, անդրադառնալով հայտարարություններին, թե Հայաստանը կարտոֆիլ արտահանողից վերածվել է կարտոֆիլ ներկրող երկրի, նշեց.

«Իմ կարծիքով՝ մեզ մոտ մինչև հիմա հախուռն է կատարվում ցանքատարածքների մշակումը, թեկուզ կարտոֆիլի առումով: Մի տարի ամբողջ ցանքատարածքը դնում են կարտոֆիլի տակ, որի արժեքն ընկնում է և դառնում է ոչ արդյունավետ, հաջորդ տարի նույն ֆերմերները չեն ցանում և քիչ քանակությամբ հողատարածք են մշակում, երբ արժեքը բարձրանում է, այդ տարի բարձր գնով ծախում են, հաջորդ տարի նույնը կրկնվում է: Իմ կարծիքով՝ սա ոչ արդյունավետ բիզնեսի եղանակ է»:

Back to top button
Close