ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21-ի, կա 1000-ից ավելի վիրավոր

Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը:

Ստորգետնյա ուժգին ցնցումից հետո արձանագրվել է 274 հետցնցում, որոնցից 12-ն ավելի քան 4 մագնիտուդ ուժգնությամբ:

Էլյազիգ նահանգում մահացել է 17 մարդ, Մալաթիայում՝ 4: Էլյազիգում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները փլուզված 3 շենքում: Աղետի գոտում աշխատում են 1000-ից ավելի փրկարարներ:

Երկրաշարժից տուժել են նաեւ Ադանա, Հաթայ, Մալաթիա, Սամսուն, Թունջելի եւ այլ նահանգները, ցնցումները զգացվել են նաեւ Սիրիայի հյուսիսում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժ. 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Աղբյուր՝ aa.com.tr

Back to top button
Close